Նախարարը նշել է, որ արտահանման հիմնական ուղղությունների շարքում Ռուսաստանը չի եղել
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանը արտահանել է մոտ 30 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Դրանից մոտ 21 հազար տոննան մրգերն են, մոտ 9 հազար տոննան՝ բանջարեղենը», – ասել է Պապոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նախարարը նշել է, որ արտահանման հիմնական ուղղությունների շարքում Ռուսաստանը չի եղել։
«Կարող է զուտ տեսականորեն հունիսի սկզբին դեռևս, ասենք, մեկ-երկու ընկերություն ինչ-որ ապրանքային ուղղությամբ կարողացել են մի քանի մեքենա արտահանել Ռուսաստան, չեմ բացառում, բայց այս արտահանումների աշխարհագրությունը շատ լայն է, և չկա այդտեղ Ռուսաստանը։ Դա փաստ է», – ասել է Պապոյանը։
Նրա խոսքով` արտահանման աշխարհագրությունը բավական լայն է։
«Աշխարհագրությունը սկսում է Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից և գնում է, հասնում է մինչև Մոնղոլիա, Ղազախստան, Ուզբեկստան, մյուս կողմից՝ Լատվիա, Լիտվա, Լեհաստան, այդ հատվածից իջնում է մինչև Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Քուվեյթ և այլն»,– նշել է նախարարը։
Դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների մասին
Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարման վրա՝ դա պատճառաբանելով բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ոգելից ըմպելիքների որոշ տեսակներ, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորամրգերը, ավելի ուշ՝ թարմ ձուկն ու ձկնամթերքը, կաթնամթերքը։
Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։