Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով ԿԳՄՍ և էկոնոմիկայի փոխնախարարներ են նշանակվել:
Աննա Բաբաջանյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում։
Նա բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանում և Միացյալ Թագավորությունում՝ 2017-2018 թվականներին սովորել է Քեմբրիջի համալսարանում՝ ստանալով կրթության մագիստրոսի (MPhil) աստիճան՝ «Գլոբալիզացիա և միջազգային զարգացում» մասնագիտացմամբ, հայտնում է Արմենպրեսը:
2015-2017 թվականներին աշխատել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում՝ որպես անգլերենի ուսուցիչ, զուգահեռ դասավանդել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բաց կրթություն» Դիլիջանի մասնաճյուղում։
2019-2022 թվականներին, որպես համակարգող փորձագետ, մասնակցել է Հանրակրթության պետական նոր չափորոշչի մշակման աշխատանքային խմբի աշխատանքներին՝ Համաշխարհային բանկի EU4Innovation ծրագրի շրջանակում։ 2020 թվականին աշխատել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST)՝ որպես ռազմավարական վերլուծաբան։ 2022-2026 թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի Ռազմավարական պլանավորման կենտրոնը։ 2023-2026 թվականներին միաժամանակ ընդգրկված է եղել «KPI4HE» Erasmus+ ծրագրի աշխատանքային խմբում։
Քրիստինա Թաթարյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում։
Թաթարյանը կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում։ 2010-2014 թվականներին նա սովորել է «Դին Քլոուզ դպրոցում» (Dean Close School), 2015-2018 թվականներին ուսումնառությունը շարունակել է Դարհեմի համալսարանում (Durham University)՝ ստանալով բակալավրի աստիճան «Անգլիական գրականություն» մասնագիտությամբ։ 2020-2021 թվականներին սովորել է Արևելյան Անգլիայի համալսարանում (University of East Anglia) և ստացել մագիստրոսի աստիճան «Գրական թարգմանություն» մասնագիտությամբ։
2018-2019 թվականներին աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում, 2019-2020 թվականներին աշխատել է «Synergy International Systems» ընկերությունում՝ որպես թարգմանիչ։ Այդ ընթացքում ներգրավվել է պետական կառույցների համար արդարադատության ոլորտի ծրագրային լուծումների մշակման և ներդրման նախագծում։
2021-2024 թվականներին եղել է համաշխարհային գրականության թարգմանությամբ զբաղվող միջազգային «Asymptote Journal» հրատարակության Հայաստանի խմբագիրը։
Քրիստինա Թաթարյանը տիրապետում է անգլերենին, ուկրաիներենին, ռուսերենին, ֆրանսերենին և իսպաներենին։
Լևոն Մովսիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում։
Մովսիսյանը 2011-2014 թվականներին սովորել է Օքսֆորդի համալսարանում՝ ստանալով գիտությունների դոկտորի կոչում։ Նրա հետազոտությունների հիմնական ուղղությունները եղել են սուպրամոլեկուլային քիմիան և ածխածնի նոր ալոտրոպ ձևերը։
2005-2010 թվականներին Մովսիսյանը սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ ստանալով դեղագետի որակավորում։ 2026 թվականի սեպտեմբերի 2-ից նա նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
2022-2024 թվականներին Նիդերլանդներում աշխատել է որպես ծրագրերի ղեկավար և ավագ գիտաշխատող։ Այդ ընթացքում պատասխանատու է եղել դեղանյութերի հայտնաբերման միջազգային ծրագրերի ամբողջական իրականացման համար՝ մի քանի ծրագիր հաջողությամբ տեղափոխելով հետագա փուլեր։
Տիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում։
2019 թվականին նա Համբուրգի համալսարանում՝ Խաղաղության և անվտանգության հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ, ստացել է մագիստրոսի աստիճան «Խաղաղության և անվտանգության ուսումնասիրություններ» մասնագիտությամբ։
2017 թվականին ավարտել է ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանը՝ գերազանցությամբ ստանալով «Տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրի աստիճան։
2024-2026 թվականներին Գասպարյանն աշխատել է «Յանդեքս» Հայաստան և Վրաստան ընկերությունում՝ զբաղեցնելով պետական մարմինների հետ կապերի տնօրենի պաշտոնը, 2025-2026 թվականներին միաժամանակ ղեկավարել է ԵՊՀ Ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոնը, 2026 թվականին Համաշխարհային բանկում աշխատել է որպես հանրային կառավարման ոլորտի կարճաժամկետ խորհրդատու։
2022-2024 թվականներին «Ամերիա» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայությունում աշխատել է որպես հանրային և բիզնես կառավարման խորհրդատու, 2019-2021 թվականներին, Համբուրգի համալսարանում մագիստրոսական ուսումնառությանը զուգահեռ, ՀՀ Ազգային ժողովում կամավոր հիմունքներով աշխատել է որպես խմբակցության խորհրդական։
Փաշինյանի որոշմամբ Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում։
«Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արամազդ Ղալամքարյանին վերանշանակել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում։ Օգոստոսի 4-ին Փաշինյանը հայտնել է, որ ստացվել է 1141 հայտ, որոնց ուսումնասիրության և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու՝ դիմորդների մոտ 40 տոկոսը, անցել է երկրորդ փուլ։ Վարչապետը նաև տեղեկացրել էր, որ մի խումբ դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում է կայացրել։