Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ

Լույս սեպտեմբերի 2-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են  հասցրել  Օդեսային և Օդեսայի մարզին, գրում է Meduza-ն։

Օդեսա քաղաքում վնասվել է 24-հարկանի բնակելի շենք, մի քանի հարկերում բնակարաններ են ավերվել, իսկ հարևան շենքերի պատուհանները կոտրվել են։

Հաղորդվում է, որ վիրավորվել է 8 մարդ, այդ թվում՝ 1 երեխա։ Վիրավորներից երկուսը հոսպիտալացվել են։ Վնասվել են ավտոմեքենաներ, ինչպես նաև գրասենյակային շենքեր և երկու ուսումնական հաստատություն։

Նշվում է, որ Օդեսայում մասնակի դադարեցվել է   էլեկտրաէներգիայի մատակարարումը, հասարակական տրանսպորտի գործունեությունը դադարեցվել է, իսկ Պերեսիպ շրջանում ջրամատակարարումն ընդհատվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածներն ուղղված են եղել Օդեսայի նավահանգստում անօդաչուներ և վառելիքով ռեզերվուարներ արտադրող  ձեռնարկությանը։

Կիևի Գոլոսիևսկի շրջանում ԱԹՍ-ի բեկորների՝ բաց տարածքում ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա՝ արձակելով «Իսկանդեր-Մ» երկու բալիստիկ հրթիռ, Х-59/69 երկու ավիացիոն հրթիռ և 174 անօդաչու թռչող սարք, որոնց մոտ կեսը ռեակտիվ շարժիչով, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը։

Հայտարարության համաձայն՝ հարվածների հիմնական ուղղությունը կրկին Օդեսայի և Կիևի մարզերն են եղել։ Ռուսաստանը Կիևի մարզն ու Կիևը անընդմեջ հարձակման է ենթարկում արդեն յոթերորդ օրը։

Առավոտյան ամփոփագրում նշվում է, որ խոցվել կամ ճնշվել է օդային 141 թիրախ։ Հրթիռների և հարվածային ԱԹՍ-ների հարվածներ են արձանագրվել 16 վայրերում։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

Leave a comment