Պուտինը Փաշինյանին առաջարկել է ԵՄ հարցով դիմել ժողովրդին, վարչապետն ասել է՝ այդ հարոցվ հանրաքվեից ՀՀ-ն հրաժարվել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է Հայաստանի քաղաքացիներից ճշտել՝ երկիրը ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում, թե շարժվել դեպի Եվրամիություն։ Հանդիպումը տեղի է ունեցել Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում:

«Համաձայն եմ, որ ժողովուրդը միշտ պետք է ընտրության հնարավորություն ունենա։ Դե ուրեմն արեք դա, և թեման կփակենք, ահա և վերջ։ Հիմա ամենապարզը մարդկանց դիմելն է, հարցնելը՝ դուք ի՞նչ եք ուզում՝ ա՞յս, թե այն։ Եվ վերջ»,- ասել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցըհամար:

«Մենք հրաժարվել ենք հանրաքվե անցկացնելուց, իսկ ինչո՞ւ ենք հրաժարվել։ Որովհետև այս հարցը… չի հասունացել այն մակարդակին, որ այն հնարավոր լինի ձևակերպել մեր ժողովրդի առջև»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի կառավարության համար չափազանց կարևոր է, որ երկիրն ու ժողովուրդն այլընտրանքներ ունենան։

«Կարծում եմ՝ սա լեգիտիմ նպատակ է։ Սա չի նշանակում, որ մենք դժգոհ ենք Եվրասիական տնտեսական միությունից»: Մենք այս պահին մեր գործընկերներին (ԵՄ-ից՝ խմբ.) չենք տեղեկացրել, որ պատրաստվում ենք դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, և կարծում եմ՝ մենք պետք է հիմնվենք այս փաստի վրա»,- հավելել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Ըստ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության, Պուտինն ասել է․ «Եվս մեկ անգամ կրկնում եմ, մենք հարգանքով կվերաբերվենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության։ Ինչպես կորոշի Հայաստանը, այդպես էլ կլինի։ Բայց մենք պետք է մեր առևտրատնտեսական քաղաքականությունը համապատասխանեցնենք այդ հնարավոր որոշումներին, և կցանկանայինք խնդրել Ձեզ հնարավորինս արագ այս հարցում հստակություն մտցնել։

Ես հիշում եմ, Դուք հրապարակայնորեն ասում էիք, որ անհրաժեշտ եք համարում հետագայում այդ հարցով հանրաքվե անցկացնել, և ես աջակցեցի Ձեր դիրքորոշմանը Եվրասիական տնտեսական միության ղեկավարների վերջին գագաթնաժողովում, ուղղակիորեն հիշատակեցի, որ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է այդ մասին և խնդրեցի նաև գործընկերներին աջակցել դրան։ Եվ որքան արագ մենք հստակություն մտցնենք, այնքան լավ, որովհետև մեզ նույնպես անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես զարգացնենք հարաբերությունները Հայաստանի հետ, առաջին հերթին՝ տնտեսական առումով։

Կարգավորումներին վերաբերող հարցեր, ասենք՝ գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված, տարբեր տեխնիկական նորմերի և ստանդարտների կարգավորման հարցերը, Եվրասիական տնտեսական միությունում և ԵՄ-ում բացարձակապես չեն համընկնում։ Մենք բազմիցս առնչվել ենք դրան, փորձերը՝ դեռ այն ժամանակ, երբ մեր հարաբերությունները քիչ թե շատ նորմալ էին, եվրոպացիների հետ ինչ-որ փոխզիջումների շուրջ պայմանավորվելու, ոչ մի արդյունքի չհանգեցրին, ոչ մի արդյունքի։ Նրանք բավական կոշտ բանակցողներ են, բավական համառ։ Եվ այդպես էլ մենք չգտանք գրեթե որևէ հարց լուծելու հնարավորություն։

Ինչ-որ պահի, հավանաբար, այնուամենայնիվ ստիպված կլինենք նաև դա անել՝ նկատի ունենալով և՛ մեր տնտեսության, և՛ եվրոպական տնտեսության հիմնարար շահերը, որոշ առումներով՝ փոխլրացվող լինելը։ Հուսով եմ՝ այս բոլոր ճգնաժամային երևույթները մի օր կանցնեն։ Բայց նույնիսկ, երբ դրանք անցնեն… Ահա, Եվրոպայի հետ լավ հարաբերություններ կային՝ պայմանավորվելը շատ դժվար էր։ Եվ այս կապակցությամբ, միանգամայն անկասկած, խնդիրներ կառաջանան՝ կապված եվրոպական ապրանքների, ծառայությունների և այլնի՝ Հայաստանի միջոցով մեր շուկա ներթափանցման հետ։ Այնտեղ հազարավոր հարցեր կան։ Մենք կցանկանայինք հասկանալ, թե այս ոլորտում ինչ է տեղի ունենալու»։

Փաշինյանն ասել է, որ պարզապես պետք է արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում մեր ամբողջ տարածաշրջանում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը փոխվել է:

«Մեզ թվում է, որ պետք է իրավիճակին նայել հենց այս տեսանկյունից, որովհետև Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հակամարտային իրավիճակում այլ իմաստ ունեին, իսկ այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, մեզ թվում է, որ անհրաժեշտ է իրավիճակին արդեն թարմ հայացքով նայել։

ԵՄ-ի վերաբերյալ, գիտեք, այս հարցը շատ է քննարկվում և՛ աշխատանքային մակարդակով, և՛ հրապարակայնորեն։ Գիտեք, անցյալ տարի մենք ընդունեցինք Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը և շատ է քննարկվում, թե որքանով է այս օրենքի ընդունումը համապատասխանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր ստանձնած պարտավորություններին։

Մենք և՛ դրանից առաջ, և՛ դրանից հետո վերլուծել ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև գոյություն ունեցող պայմանագրային բազան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գոյություն ունեցող պայմանագրային բազան, և, անկեղծ ասած, որևէ խախտում չենք հայտնաբերել այն պարտավորությունների, որոնք Հայաստանն ունի Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ, որովհետև նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում ուղղակիորեն ասված է, թե ինչպես պետք է գործել, եթե երկիրը որոշում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։

Ի դեպ, այնտեղ չկա այնպիսի կարգավորում, ըստ որի՝ անդամ պետությանը կարելի է հեռացնել կազմակերպությունից։ Այսինքն՝ այնտեղ նախատեսված է, որ եթե երկիրը որոշում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, ապա պետք է այդ մասին նախապես՝ վեց ամիս առաջ, տեղեկացնի գործընկերներին։ Կարծում եմ՝ մենք այս իրավիճակին պետք է նայենք հենց այս տեսանկյունից»,-ասել է Փաշինյանը:

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Միաժամանակ Փաշինյանն ավելի վաղ ընդունել է, որ օրենքի ընդունումն ինքնին չի նշանակել երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն, և դրա համար անհրաժեշտ են լինելու պաշտոնական հայտ, թեկնածուի կարգավիճակի ստացում, Եվրամիության երկրների համաձայնություն ու Հայաստանի քաղաքացիների հավանություն։

Leave a comment