124.000 պոտենցիալ աշխատուժ, բայց 1 մլն մարդու չիրացված ռեսուրս․ Արսեն Թորոսյանի հայտարարության հետքերով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով «Մեր ձևով» շարժման կողմից հրապարակված՝ 300 000 նոր աշխատատեղ ստեղծելու քաղաքական խոստմանը, հայտարարել է«Իսկ ինչո՞ւ 300։ Եկեք 500 գրենք կամ 700,  ավելի ճոխ կհնչի։ Մի երկրում, որտեղ, Ազգային վիճակագրական ծառայության գնահատականներով, կա մոտ 124 000 պոտենցիալ աշխատուժ, որը, իհարկե, ամեն տարի նվազում է…»։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Հայաստանում աշխատաշուկային վերաբերող պաշտոնական վիճակագրական տվյալները։

ՀՀ վիճակագրական կոմիտեի «Հայաստանի աշխատանքի շուկան, 2024» հրապարակմամբ ներկայացված են  Հայաստանում ընտրանքային մեթոդով ընտրված տնային տնտեսություններում արված աշխատուժի հետազոտության արդյունքները։ Այն  իրականացվել  է  միջազգայնորեն կիրառվող մեթոդաբանությամբ՝ հիմնված Աշխատանքի միջազգային կազմակերպության առաջարկությունների վրա։ Տնային տնտեսությունների   ընտրանքային թիվը 2024-ին կազմել է շուրջ 7800։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2024 թվականին 15+ տարիքային խմբի հաշվարկով աշխատուժից դուրս մնացած բնակչության թիվը կազմել է 1 094 300 մարդ։ Նրանցից պոտենցիալ աշխատուժ է համարվել 124 400-ը։

Պոտենցիալ աշխատուժի մեջ ներառվել են այն անձինք, ովքեր աշխատանք չեն ունեցել, սակայն ունեցել են աշխատանքի ներուժ՝

  1. աշխատանք են փնտրել, բայց պատրաստ չեն եղել անմիջապես անցնել աշխատանքի2 400 մարդ,
  2. չեն փնտրել աշխատանք, բայց պատրաստ են եղել անմիջապես անցնել աշխատանքի122 000 մարդ։

Մնացած 969 900-ը նշել է, որ ոչ աշխատանք է փնտրել, ոչ էլ ցանկացել է աշխատել։

Միևնույն ժամանակ, աշխատուժից դուրս մնացած 1 094 300 անձանց սոցիալ-կենցաղային կազմը հետևյալն է․

  • 171 300 — սովորողներ կամ ուսանողներ,
  • 291 300 — տնային տնտեսություն վարողներ,
  • 438 000 — կենսաթոշակառուներ կամ հաշմանդամություն ունեցող անձինք,
  • 193 700 — աշխատանք չունեցող այլ անձինք։

Աշխատանք չփնտրելու պատճառները բազմազան են․

  • 312 100 — չափազանց երիտասարդ կամ չափազանց մեծ են աշխատանք գտնելու համար,
  • 192 800 — ունեն հիվանդություն կամ վնասվածք,
  • 165 300 — ընտանեկան հանգամանքներ,
  • 72 000 — երեխայի խնամք,
  • 59 100 — չեն հավատում, որ կարող են աշխատանք գտնել,
  • 22 300 — ընտանիքը հավանություն չի տալիս աշխատելուն,
  •  այլ պատճառներ։

Ինչ վերաբերում է 2023 թվականին անցկացված հետազոտության արդյունքներին, ապա աշխատուժից դուրս մնացած բնակչության թիվը երկրում կազմել է 1 046 500 մարդ, որից պոտենցիալ աշխատուժ է համարվել 131 300-ը։
2024 թվականին՝ նախորդ տարվա համեմատ աշխատուժից դուրս մնացած բնակչության ընդհանուր թիվն ավելացել է, իսկ պոտենցիալ աշխատուժի թիվը՝ նվազել։

Հետաքրքրական է, որ եթե 2024 թվականին աշխատանք ունենալու հույս չուներ 59 100 մարդ, ապա 2023-ին հուսազուրկ քաղաքացիների թիվը կազմել է 363 100, 2022-ին՝ 92 600, 2021-ին՝ 132 400, իսկ 2020-ին՝ 143 500 մարդ։

Տարբեր տարիների հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ աշխատուժից դուրս մնացած անձանց 62-71%-ը գտնվում է ակտիվ՝ 15-64 տարեկան աշխատունակ խմբում։

Ինչ վերաբերում է աշխատուժից դուրս մնացած անձանց կրթական մակարդակին, ապա նրանց ավելի քան 40%-ը ունի բարձրագույն, հետբուհական կամ միջին մասնագիտական կրթություն։

Այս տվյալները վկայում են, որ քաղաքացիների և պետության կողմից տարիների ընթացքում ձևավորված կրթական ներուժը ներկայումս լիարժեք չի իրացվում աշխատաշուկայում։

Այսպիսով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի՝ Հայաստանում շուրջ 124․000 պոտենցիալ աշխատուժ ունենալու մասին հայտարարությունը համապատասխանում է պաշտոնական վիճակագրությանը։ Այդուհանդերձ, տարեկան հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ աշխատուժից դուրս մնացածների ավելի քան 62%-ը գտնվում է ակտիվ աշխատունակ տարիքում, իսկ ավելի քան 40%-ը ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, ինչը վկայում է, որ երկրում առկա է զգալի չափերի հասնող չօգտագործված մարդկային ներուժ։

Գայանե Մարկոսյան

The post 124.000 պոտենցիալ աշխատուժ, բայց 1 մլն մարդու չիրացված ռեսուրս․ Արսեն Թորոսյանի հայտարարության հետքերով appeared first on FIP.AM.

Leave a comment