Ինը հայ շախմատիստներ ընդգրկվել են FIDE-ի վարկանիշային աղյուսակների տարբեր կարգերի լավագույն հարյուրյակում
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ինը հայ շախմատիստներ ընդգրկվել են FIDE-ի վարկանիշային աղյուսակների տարբեր կարգերի լավագույն հարյուրյակում, որը հրապարակվել է սեպտեմբերի 1-ին կազմակերպության կայքում։
Տղամարդկանց լավագույն 100-յակում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը (վարկանիշը՝ 2664)՝ 50-րդ տեղ, Ռոբերտ Հովհաննիսյանը (2642)՝ 77-րդ, Արամ Հակոբյանը (2638)՝ 80-րդ և Շանթ Սարգսյանը (2630)՝ 95-րդ տեղ:
Մոլորակի հարյուր ուժեղագույն շախմատիստուհիների ցանկում ընդգրկվել են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը (2382)՝ 61-րդ տեղ, Մարիամ Մկրտչյանը (2374)՝ 67-րդ տեղ և Լիլիթ Մկրտչյանը (2353)՝ 88-րդ տեղ:
Պատանիների լավագույն 100-ում ընդգրկվել են Էմին Օհանյանը (2520)՝ 43-րդ տեղ և կարիերայում առաջին անգամ՝ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը (2477)՝ 92-րդ տեղ: