Եվրամիությունը ֆրանսիական պետական Bull AI ընկերությունից պատվիրել է արհեստական բանականության համար նախատեսված բարձր արտադրողականությամբ սուպերհամակարգիչ։ Պայմանագրի արժեքը կազմում է 387,8 միլիոն եվրո, գրում է DW-ն։
Ինքը՝ ընկերությունը, ստեղծվել է ընդամենը մի քանի ամիս առաջ՝ ճգնաժամի մեջ հայտնված Atos ՏՏ կոնցեռնի ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվների հիման վրա, որոնք անցել են Ֆրանսիայի պետության վերահսկողության ներքո։
Պատվիրատուն EuroHPC-ն է՝ գերհամակարգչային տեխնոլոգիաների զարգացման եվրոպական գործակալությունը։ Նոր հաշվողական համալիրը նախատեսվում է տեղադրել Ֆինլանդիայում արդեն գործող տվյալների կենտրոնում։ Սպասվում է, որ գերհամակարգիչը շահագործման կհանձնվի 2027 թվականի երկրորդ կեսին։ Այն կդառնա Եվրամիության կողմից ստեղծվող՝ արհեստական բանականության զարգացման և բարձր արտադրողականությամբ հաշվարկների ենթակառուցվածքի մասը։
EuroHPC-ի տրամադրության տակ արդեն գտնվում է ԱԲ-ի համար նախատեսված տվյալների մշակման 19 կենտրոն և մոտ մեկ տասնյակ գերհամակարգիչ։ Այս ցանցի մեջ է մտնում նաև Գերմանիայի Յուլիխի հետազոտական կենտրոնում տեղակայված Jupiter գերհամակարգիչը։
Ինչպես հայտարարել է EuroHPC-ի ենթակառուցվածքների գծով տնօրեն Եվանգելոս Ֆլորոսը, առաջիկա տարիներին ցանցը կընդլայնվի, քանի որ նման հաշվողական հզորությունների պահանջարկը գերազանցում է առաջարկը։
Նշվում է, որ EuroHPC-ի կողմից ֆինանսավորվող համակարգերն օգտագործվում են, մասնավորապես, եվրոպական արհեստական բանականության մոդելների ուսուցման և զարգացման համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի