Հարցազրույց կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանի հետ
– Պարոն Գևորգյան, մեր վերջին զրույցի ժամանակ խոսք էիք տվել, որ մոտ ժամանակներս կտրամադրեք «թվեր», որոնք պարզ հարց կառաջացնեն, թե գիտության ղեկավարներին ինչու՞ են պարգեւավճարներ բաժանել։
-Թվերը ներկայացնելուն միշտ էլ պատրաստ եմ, բայց իր դհոլչիներով ու «թանկարժեք» նախարարներով անհեթեթության ճահիճը, ինչի մեջ սուզվել է գրեթե ամբողջ հանրությունը, ուրիշ բան է հուշում։ Եթե ուղիղ եթերում «վենա քցեմ», մեջքի վրա պառկեմ գետնին, ոտքերս գետնին խփեմ եւ գոռամ, որ իզուր են վատնում պետության փողերը՝ լավագույն դեպքում անտարբեր կնայեն, մի քանիսն էլ քացով կխփեն ու կասեն «լավ եղավ»։
– Կարիք չկա․․․
– Գիտեմ, ռուսի ասած՝ «не дождетесь»։ Ես իրականում կողմ եմ պարգևավճարներին՝ լավ աշխատանքը պետք է լավ էլ վարձատրվի։ Բայց այն, ինչ անում է իշխանությունը՝ ոչ լավ աշխատանքի գնահատական է եւ ոչ էլ սեփական թիմը «կաշառելու» միջոց, ինչպես փորձում են ներկայացնել որոշ վերլուծաբաններ։ Այդ թիմն արդեն այնպես է ցեմենտված սեփական՝ ահավոր սխալներով, դժբախտություններ ու մեծագույն կորուստների բերած շաղախով, որ աղաթթվով էլ չես «լուծի»։ Սա ավելի շատ նման է հետեւյալին՝ «լավ եմ անում, աչքներդ էլ հանում եմ՝ դուրներդ չի գալիս-հեղափոխություն արեք»։ Այդ իսկ պատճառով միայն թվերը ներկայացնելը դժվար թե արդյունք տա։
– Ի՞նչ եք առաջարկում, թվերն էլ մոռանա՞նք։
– Չէ, հիշեք, բայց միայն թվերի իմացությունը բավարար չէ։ Մի քանի տարի առաջ լրագրողներից մեկը ֆեյսբուքյան ուղիղ եթերում գիտության հարցերի քննարկում էր կազմակերպել։ Մասնակցում էին այսօրվա ԿԳՍՄ նախարարը եւ էլի ինչ-որ «ղեկավար» կանայք։ Միացա։ Մի քանի րոպե լսելուց հետո միակ հարցը, որ առաջացավ մոտս՝ այս մարդիկ գիտություն ինչի՞ն են անվանում։ Վարողին խնդրեցի այս հարցը ուղղի մասնակիցներին։ Եթե էս մարդիկ հոդաբաշխ չեն կարող ձևակերպել, թե ինչ է գիտությունը՝ ես սրանց ո՞նց հարցնեմ, թե ինչ եք հասկանում գիտությունը ղեկավարել ասելով։
Հիմա թվերի մասին։ Վերջին տասը տարվա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ գիտական ուղղությունների բաշխումը հայաստանյան տպագրված գիտական հոդվածներում անփոփոխ է։ Այսինքն, բոլոր ուղղությունների տոկոսաչափը չի փոխվում։ Սա նշանակում է, որ այս ուղղությամբ ոչինչ չի արվում։ Դա նորմալ կլիներ, եթե ամբողջ հայաստանյան գիտական արդյունքի ծավալը հավասար չլիներ իրենց երկրներում տասնմեկերորդ տեղը զբաղեցնող թուրքական կամ պարսկական համալսարաններին։ Կրկնում եմ՝ մեկ համալսարանի։ Որպեսզի կարողանաս կառավարել գիտական գործունեության նորմալ ընթացքը, պետք է տարրական տեխնիկական աշխատանք կատարես։ Իմ ֆեյսբուքյան էջում բավականին բան է դրված, բայց անգամ ամենատարրական բաները չեն կատարվում։ Տաժանակիր աշխատանք եմ կատարել, մինչև Web of Science վճարովի կայքից հանել եմ Հայաստանին վերաբերող աշխատանքները։ Նույնիսկ սեփական հիմնարկի անունը մի քանի տասնյակ ձեւով գրող հիմնարկներ կան, էլ չեմ ասում, որ Yerevan-ը մինչև հիմա «E»-ով գրող կա։ Կասեք դա հիմնարկի կամ հեղինակի պրոբլեմն է։ Ոչ, դա գիտության կառավարման տարրական կանոններին չհետեւելն է՝ կառավարիչների ուղիղ պարտականությունը։ Քսան տարի է, ինչ ես հասանելիություն եմ ստացել Web of Science վճարովի կայքին, վերլուծության տվյալները անվճար հանձնում են դրա համար փող ստացողներին։ Նույնիսկ տարրական բաներ չեն անում, իրենց իսկ բաժանած պետական փողերին էլ պատշաճ տիրություն չեն անում։ Հոդավածների չնչին մասում են նշված պետական դրամաշնորհների համարները, եւ հաճախ սխալ։ Նորից կրկնեմ, Web of Science-ին հասանելիություն ունի ինչ-որ կիսաընդհատակյա բաժին՝ ակադեմիայի ինստիտուտներից մեկում։ Տարեք որեւէ գրադարան իր բոլոր հաստիքներով, ստիպեք, որ աշխատեն։ Այս պարզագույն բաները չանող մարդկանց ինչու՞ են պարգևավճար տալիս։
– Միգուցե կրթության բնագավառում կատարած լավ աշխատանքի համա՞ր են տալիս:
– Ցավոք, գրեթե ամեն ինչ սկսում ենք սխալ թեզը «հիմքում» դնելուց։ Փորձեմ կրթության օրինակի վրա բացատրել։ Տասնամյակներ շարունակ մի թեզ է շահարկվում՝ հայ ժողովրդի խելքն իրենը չի գիտելիքի համար։ Ու սկսվում է փող մուծողների «որսը»։ Բացվում են բազում անիմաստ մասնավոր բուհեր, որոնք հիմնականում զբաղված են դիպլոմ վաճառելով։ Այդ փողերը սկսվում են բաժանվել կիսագրագետ դասախոսերից մինչև մասնավոր բուհերին պետական «ֆորմատի» դիպլոմ վաճառելու իրավունք տվողներին։ Եվ աշխատանքի շուկան լցվում է իբր գիտելիքի համար գժվող «դիպլոմակիրներով»։ Նայեք այսօրվա դատական պրոցեսները։ Մեղադրողները, պաշտպանները, դատավորները հիմնականում մասնավոր բուհերի կադրեր են։ Անհնար է դրանցով անկախ դատական համակարգ ստեղծել, նոր գաղափարներ են պետք։ Եթե կրթության հիմքում դրվի, որ հայ ժողովուրդը «պատվոգիր», այն է՝ դիպլոմ է սիրում եւ ոչ թե գիտելիք, էլի հնարավոր է փոքրաթիվ ազնիվ ու գրագետ մարդկանցով ժամանակի ընթացքում արդյունքի հասնել։ Թե չէ «կրթվելը նորաձեւ է» ու «ակադեմիական քաղաք» անհեթեթ ասույթների միջեւ շարունակելու ենք դեգերել։ Իսկ դիպլոմ ծախող մեքենան էլ նոր անազնիվ տհասներ բուծի։ Եկեք այսօր այսքանով բավարարվենք։ Խոսք եմ տալիս հաջորդ զրույցին գրաֆիկներ ներկայացնել։ Երրորդ դասարանի դասացուցակ էլ չեն կարող կազմել այս մարդիկ՝ մենք էլ վերլուծություն ենք պահանջում։ Չնայած, եթե ամեն մեկն իր բնագավառում ցույց տա, որ ղեկավարումը տապալված է՝ կարող է հնարավորություն ստեղծվի ուղղելու։ Հուսանք․․․
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: