Մարդիկ ունեն տարիներով կուտակված առողջապահական կարիքներ, ապահովագրության շրջանակում դիմելիությունն աճում է. Ավանեսյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Առողջության ապահովագրության շրջանակում գուցե ունենանք հերթագրման սկզբունքի կիրառում: Հնարավոր է՝ լինեն ծառայություններ, որոնց համար գուցե հերթագրման անցնենք»,- ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ առաջին ամսի արդյունքները լավատեսություն են ներշնչում, որ այդ հերթագրումները չպետք է երկար լինեն:
«Տեսնենք՝ փետրվարը, մարտը ինչպիսին են, որովհետև հունվարը որոշակի առումով սպեցիֆիկ է հանգստյան օրերի առումով, ձնառատ է եղել և այլն:
Առաջին եռամսյակն ամփոփելով՝ իհարկե, մեր կանխատեսումները շատ ավելի ճշգրիտ կլինեն, բայց այստեղ էլ, կարծում եմ, մեկնարկը, ընթացքը և մարդկանց վարքագիծը շատ համահունչ էր մեր քաղաքականությանը, և քաղաքացիները, ըստ էության, այո՛, ունեն կուտակված կարիքներ, տարիների, տասնամյակների կուտակված կարիք կա, և այդ կարիքը բավարարելու առումով դիմելիությունն իսկապես աճում է»,- նշել է նա։
Ավանեսյանն ընդգծել է, որ որ մարդիկ հավատում են և հասկանում են, որ իսկապես այս ծառայությունները հասանելի են, և առաջիկա ամիսներին կաճի դիմելությունը:
«Համակարգն ու ռիսկերը կառավարելի են, մենք ունենք բավական գործիքակազմ՝ արձանագրումները ճիշտ անելու և միջոցներ ձեռնարկելու համար: Կարծում եմ՝ սահուն կերպով շարունակելու ենք»,- հավելել է առողջապահության նախարարը։