2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների և Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» առաջին փաստավավերագրական ֆիլմն ընդգրկվել է 29-րդ Arpa International Film Festival-ի «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում։
Այս տարի փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 24-27-ը՝ Հոլիվուդի հանրահայտ Chinese Theatre-ում։
Ֆիլմի համահեղինակ Նիկոլայ Մելիքյանը MediaHub-ին պատմել է փառատոնի համար ֆիլմի ընդգրկման կարևորության մասին՝ ընդգծելով, որ ժյուրիի կազմում հայեր չկան։
«Դա նշանակում է, որ փառատոնին հանդիսատեսը հնարավորություն կունենա հաղորդակցվելու այն իրողությանը, որը տեղի է ունեցել Արցախում։ Այս փառատոնը Կալիֆոռնիայի ամենահեղինակավոր փառատոններից մեկն է։ Ի դեպ, «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմն արդեն ներկայացվել է և շուտով կցուցադրվի նաև եվրոպական մի շարք հեղինակավոր կինոփառատոններում ու կինոթատրոններում՝ Իտալիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Դանիայում և Լեհաստանում»,- նշել է Մելիքյանը։
Մինչ այս ֆիլմն ունեցել է 10 ցուցադրություն՝ 4-ը Երևանում, 3-ը՝ Ֆրանսիայում, 2-ը՝ Բրազիլիայում և 1-ը՝ ԱՄՆ-ում։
Մելիքյանի խոսքով՝ ֆիլմի հեղինակների համար հատկապես կարևոր է միջազգային կինոփառատոնների ղեկավարների և ժյուրիի անդամների արձագանքը։
«Մեզ համար չափազանց կարևոր է, որ միջազգային կինոփառատոնների ղեկավարներն ու ժյուրիի անդամները ֆիլմին դրական արձագանք են տալիս՝ այն համարելով կարևոր վավերանյութ մարդու իրավունքների ոտնահարման և խաղաղ բնակչության նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ։ Ֆիլմը հետաքրքրություն է առաջացրել նաև իր գեղարվեստական արժեքի, երաժշտության ու սցենարի, ինչպես նաև նկարահանման և մոնտաժի առումներով»։
Նշենք, որ «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմում ներկայացված են արցախցի 6 ընտանիքների պատմություններ, որոնք միմյանց է կապում արցախցի դերասան Մարտին Ալոյանը։