Ինչպե՞ս արձակուրդից հետո վերադառնալ աշխատանքի, որ սթրես չառաջանա

Արձակուրդն ավարտվեց, իսկ աշխատանքային ռեժիմին վերադառնալը թվում է ամենադժվար գործը. ինչո՞ւ է երկար հանգստից հետո աշխատանքի առաջին օրն այդքան ծանր։

Ամառային երկար արձակուրդից հետո աշխատանքի վերադառնալը շատերի համար ուղեկցվում է հոգնածությամբ, տրամադրության անկմամբ ու նույնիսկ տագնապով։ Սակայն արդյո՞ք սա նորմալ հոգեբանական արձագանք է, և որքան ժամանակ է անհրաժեշտ նախկին աշխատանքային ռիթմին վերադառնալու համար։

Հոգեբան Էլլոնա Ավետյանի խոսքով՝ հիմնական պատճառներից մեկը մարդու առօրյա ռեժիմի փոփոխությունն է։ Արձակուրդի ընթացքում մարդն ինքն է որոշում՝ երբ արթնանալ, ինչպես կազմակերպել օրը և ինչով զբաղվել, մինչդեռ աշխատանքի վերադառնալուց հետո ժամանակացույցը դառնում է ավելի հստակ և պարտադիր։

«Միանշանակ դժվար է լինում, քանի որ մարդու ռեժիմը հանգստյան օրերին փոխվում է։ Նա ինքն է կազմակերպում իր օրը, իսկ աշխատանքի ժամանակ ռեժիմը հստակ է»,MediaHub-ի հետ զրույցում նշեց հոգեբանը։

Ավետյանի խոսքով՝ որոշ եվրոպական երկրներում աշխատանքի վերադառնալուց հետո կիրառվում է աստիճանական մոտեցում․ առաջին օրերին աշխատակիցը կարող է ավելի ուշ ներկայանալ կամ աշխատել կրճատ ժամերով, ապա աստիճանաբար վերադառնալ ամբողջական աշխատանքային գրաֆիկին։

Իսկ որքա՞ն ժամանակ է սովորաբար անհրաժեշտ աշխատանքային ռիթմը վերականգնելու համար։

Հոգեբանի գնահատմամբ՝ շատ դեպքերում երեք-չորս օրն արդեն բավարար է, որպեսզի մարդը կրկին հարմարվի նախկին աշխատանքային ռեժիմին։

Սակայն իրավիճակը կարող է այլ լինել, եթե աշխատանքի վերադառնալու միտքն արդեն արձակուրդի վերջին օրերին առաջացնում է ուժեղ տագնապ կամ վատ տրամադրություն։

«Սա արդեն նշան է, որ մարդը պետք է հասկանա՝ արդյո՞ք իր աշխատանքը իրեն բավարարում է, արդյո՞ք դա իր սիրած աշխատանքն է։ Այստեղ արդեն անհատական խորհրդատվության կարիք կա՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչն է դուր չի գալիս՝ աշխատանքի ոճը, ձևը, թե՞ կոլեգաները, և ինչը է իրեն ճնշում»,– նշեց Ավետյանը։

Հոգեբանը նաև խորհուրդ է տալիս չփորձել մեկ օրում լրացնել արձակուրդի ընթացքում կուտակված ամբողջ աշխատանքը։ Աշխատանքային ռեժիմին վերադառնալուն կարելի է նախապատրաստվել դեռ արձակուրդի վերջին օրերին՝ կապ հաստատելով գործընկերների հետ, զրուցելով կամ նույնիսկ կարճ հանդիպում կազմակերպելով։

Իսկ նրանց, ովքեր աշխատանքի վերադառնալուց հետո արդեն սկսում են հաշվել օրերը մինչև հաջորդ արձակուրդը, մասնագետի խորհուրդը պարզ է՝ արժե ոչ միայն սպասել հաջորդ հանգստին, այլև հասկանալ՝ ինչն է ներկայիս աշխատանքում առաջացնում այդպիսի հոգեբանական ծանրաբեռնվածություն։

Ալիտա Եղիազարյան

Leave a comment