Մեկ ժառանգական վեճ, տարիներ շարունակվող դատական գործընթաց և մի շարք հարցեր՝ դատական ակտերի վերջնականության ու հատուկ վարույթի կիրառման վերաբերյալ։ Տարիներ շարունակ Վեդի քաղաքում գտնվող անշարժ գույքի շուրջ ընթացող ժառանգական վեճը հասել է մի իրավիճակի, որը մի շարք լուրջ հարցեր է առաջացնում դատական ակտերի վերջնականության, իրավական որոշակիության, հատուկ և հայցային վարույթների սահմանազատման, ինչպես նաև արդար դատաքննության երաշխիքների պահպանման վերաբերյալ։
Վեդի քաղաքի Թումանյան 15 հասցեում գտնվող անշարժ գույքը 08.10.2019թ.՝ Վեդի համայնքի ղեկավար Վարուժան Բարսեղյանի (Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Արտակ Բարսեղյանի եղբայրը) պաշտոնավարման օրոք դարձել է համայնքի սեփականություն, որի իրավաչափությունը հետագայում դատարանում վիճարկվել է։ 09.11.2021թ. թիվ ԱՎԴ1/2286/02/19 քաղաքացիական գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Սիրուն Միսակյանը ճանաչվել է Վեդի ք. Թումանյան 15 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ։ Նույն ժամանակահատվածում ավարտվել է նաև Վարուժան Բարսեղյանի պաշտոնավարումը Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնում։ Այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Կարապետ Միսակյանը (Սիրուն Միսակյանի եղբայրը)՝ պնդելով, որ դատական ակտով խախտվել են իր իրավունքները, քանի որ ինքը փաստացի տիրապետման եղանակով ընդունել է ժառանգությունը։
Դեռևս 2016 թ. Կարապետ Միսակյանը Վեդի քաղաքի Թումանյան 15 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իր ժառանգական իրավունքների վերաբերյալ պահանջով դիմել էր դատարան։ Թիվ ԱՎԴ1/0425/02/16 քաղաքացիական գործով դատարանը 05.06.2017թ. վճռով մերժել է նրա հայցը։ Դատարանն արձանագրել է, որ Կարապետ Միսակյանը ներկայացված պահանջի մասով շահագրգիռ անձ չէ, իսկ նրա շահագրգռվածության բացակայությունն իրավական հիմք է հայցն անհիմն համարելու և մերժելու համար։ Այդ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 03.07.2018թ. որոշմամբ 05.06.2017թ. վճիռը թողել է օրինական ուժի մեջ։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ բողոքաբերի նյութական իրավունքի նորմի խախտման փաստարկներն անհիմն են, քանի որ վերջինս ոչ մի ապացույց չի ներկայացրել առ այն, որ մահացած ժառանգատուն վիճելի հասցեում ունի ժառանգական զանգված և ժառանգության ընդունում առկա է նրա ժառանգի կողմից։ ՀՀ վճռաբեկ դատարանը 10.10.2018թ. որոշմամբ մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, ինչից հետո դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։
Չնայած այն հանգամանքին, որ Կարապետ Միսակյանի կողմից ժառանգությունը չընդունելու և տվյալ պահանջով շահագրգիռ անձ չհանդիսանալու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքներին՝ վերջինս հետագայում բողոքարկել է Սիրուն Միսակյանի օգտին 09.11.2021թ. կայացված վճիռը՝ կրկին պնդելով, որ փաստացի տիրապետման եղանակով ընդունել է ժառանգությունը։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 09.02.2022 թ. որոշմամբ մերժել է Կարապետ Միսակյանի վերաքննիչ բողոքը՝ հիմք ընդունելով թիվ ԱՎԴ1/0425/02/16 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։ Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը 16.01.2023թ. որոշմամբ բավարարել է Կարապետ Միսակյանի բողոքը և բեկանել Սիրուն Միսակյանի օգտին կայացված դատական ակտը։ Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանն անհամաձայնություն է հայտնել դատավորների մեծամասնության կողմից կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ և ներկայացրել հատուկ կարծիք։
Իր հատուկ կարծիքում դատավոր Գ. Հակոբյանը նշել է, որ նախկինում քննված քաղաքացիական գործով արդեն իսկ հաստատվել է՝ Կարապետ Միսակյանը վիճելի գույքի նկատմամբ ժառանգության իրավունք չունի և տվյալ պահանջով շահագրգիռ անձ չէ։ Դատավորի դիրքորոշմամբ սույն գործով կայացված դատական ակտերը չեն կարող վերաբերել նրա իրավունքներին կամ պարտականություններին, ազդել կողմերից որևէ մեկի նկատմամբ նրա ենթադրյալ իրավունքների կամ պարտականությունների վրա կամ հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը։ Դատավորի գնահատմամբ՝ իրավիճակն այլ կլիներ, եթե նախկին քաղաքացիական գործը և այդ բովանդակությամբ դատական ակտերը գոյություն չունենային։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի» գործով ընդգծել է, որ իրավական որոշակիությունը պահանջում է հարգել res judicata-ն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կայունությունը, իսկ դատարանների կողմից վերջնականապես լուծված հարցը չպետք է կրկին կասկածի տակ դրվի։ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով ևս արձանագրել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ներառում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կայունությունը, արդեն լուծված գործի կրկնակի քննության անթույլատրելիությունը, և որ վերջնական դատական ակտի վերանայումը չի կարող պահանջվել պարզապես կրկնակի քննություն իրականացնելու և նոր դատական ակտ ստանալու նպատակով։ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքը բավարարելը և դատական ակտը բեկանելը հարց է առաջացնում նաև նույն դատարանի՝ իրավական որոշակիության և վերջնական դատական ակտերի կայունության վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների հետևողական կիրառման տեսանկյունից։ Հայցային վեճից՝ հատուկ վարույթ։
Ուշագրավ է նաև, որ Սիրուն Միսակյանի օգտին 09.11.2021թ. կայացված դատական ակտը բողոքարկելուց հետո՝ արդեն ընթացող դատական գործընթացի պայմաններում, Կարապետ Միսակյանը սկսել է ձևակերպել փաստաթղթեր, որոնք հետագայում օգտագործվել են իր ժառանգական պահանջների իրավական հիմքերը հիմնավորելու համար։ Մասնավորապես, Կարապետ Միսակյանի մոր՝ Թագուհի Միսակյանի՝ 20.08.1997թ. մահից շուրջ 24 տարի անց՝ 19.01.2022թ., ձևակերպել է ժառանգության իրավունքի վկայական, հիմքում ունենալով նրա մահից շուրջ 6 տարի անց 06.06.2003թ. տրված սեփականության իրավունքի վկայականները։
Վճռաբեկ դատարանի կողմից բեկանված և նոր քննության ուղարկված գործի ընթացքում Կարապետ Միսակյանը ներկայացրել է հայցադիմում իրեն Թագուհի Միսակյանի և Գուրգեն Միսակյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջներով, միաժամանակ ներկայացնելով նաև իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջ։ Դատարանը հայցադիմումը վերադարձրել էր, ինչից հետո Կարապետ Միսակյանն առանձնացրել է պահանջները՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջները ներկայացնելով հայցային վարույթի կարգով, իսկ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջը՝ առանձին հատուկ վարույթի դիմումով։
Կարապետ Միսակյանի՝ հատուկ վարույթի կարգով ներկայացրած դիմումը սկզբնապես քննության է առնվել մեկ այլ դատարանում։ Դիմումն առանց քննության թողնելու մասին որոշման պատճառաբանության մեջ դատարանն արձանագրել է, որ դիմողի ներկայացուցչի բացատրությամբ՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման նպատակը Կարապետ Միսակյանի ժառանգական իրավունքի իրացումն ու Վեդի քաղաքի Թումանյան 15 հասցեում գտնվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն է։
Դատարանը հատուկ ընդգծել է, որ դիմումի ներկայացման հիմնական և առանցքային նպատակը տվյալ անշարժ գույքի նկատմամբ Կարապետ Միսակյանի սեփականության իրավունքի ճանաչումն է՝ որպես վերջնական նպատակ, դատարանը նաև մատնանշել է իրավունքի մասին վեճի առկայությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հատուկ վարույթի շրջանակում կայացվող դատական ակտը կարող է ազդել այլ անձանց իրավունքների վրա։ Կարապետ Միսակյանը բողոքարկել է այդ որոշումը։
Վերաքննիչ դատարանը 14.10.2024թ. որոշմամբ բավարարել է բողոքը, բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ փաստաթղթի պատկանելության իրավաբանական փաստի հաստատման շրջանակում դատարանը պետք է գնահատման առարկա դարձնի այն, թե գործով ձեռք բերված ապացույցներն իրենցում պարունակվող տեղեկություններով բավարար են ակնկալվող փաստի հաստատման համար, թե ոչ։ Իսկ այն դեպքում, երբ գործի քննությամբ տեղեկություններ են ստացվում դիմումի ելքով շահագրգռված անձանց վերաբերյալ, դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի այդպիսի անձանց դիմումի քննությանը մասնակից դարձնելու ուղղությամբ՝ նրանց առարկությունների հաշվառմամբ նաև գնահատելով իրավունքի վերաբերյալ վեճի առկայության փաստը և այդ հանգամանքով պայմանավորված՝ դիմումն առանց քննության թողնելու հիմքի առկայությունը։ Վերաքննիչ դատարանի նշված որոշման հիման վրա Կարապետ Միսակյանը ժառանգական իրավունքի վերաբերյալ ընթացող հայցային գործի շրջանակում միջնորդություն է ներկայացրել՝ գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։
Հայցային գործի վարույթը կասեցնելու 28.10.2024թ. որոշմամբ դատարանն արձանագրել է, որ Կարապետ Միսակյանը պահանջել է իրեն ճանաչել Թագուհի Միսակյանի և Գուրգեն Միսակյանի ժառանգական զանգվածի մեջ մտնող՝ Վեդի քաղաքի Թումանյան 15 հասցեի անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ։ Դատարանը նշել է, որ այդ պահանջի փաստական հիմքում դրվել են նույն անշարժ գույքի կադաստրային գործում առկա 06.06.1997թ., 29.05.1997թ. և 16.08.1999 թվականների գնահատման ամփոփ հաշվարկներն և ուրվագիծ, որոնցում որպես սեփականատեր նշված է Թագուհի Միսակյանը, իսկ 19.01.2022թ. տրված ժառանգության իրավունքի վկայականի համաձայն՝ նրա ժառանգ է Կարապետ Միսակյանը։ Հաշվի առնելով, որ հատուկ վարույթի գործով քննվում է այդ փաստաթղթերը Թագուհի Միսակյանին պատկանելու հարցը՝ դատարանը գտել է, որ հատուկ վարույթով հաստատման ենթակա փաստերը կարևոր նշանակություն ունեն ժառանգական իրավունքի վերաբերյալ գործի քննության համար և այդ հիմնավորմամբ կասեցրել է հայցային վարույթը՝ մինչև հատուկ վարույթի գործով եզրափակիչ դատական ակտի կայացումը։
Վերաքննիչ դատարանի 14.10.2024թ. որոշմամբ գործը բեկանվելուց շուրջ երեք ամիս անց՝ 16.01.2025թ., թիվ ԱՎԴ1/0032/02/24 հատուկ վարույթի գործը «պատահական զուգադիպությամբ» մակագրվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանին (լուսանկարում), ով մինչ այդ քննում և 28.10.2024թ. կասեցրել էր ժառանգական իրավունքի վերաբերյալ հայցային գործի վարույթը՝ հատուկ վարույթի գործի ելքով պայմանավորված։ 24.01.2025թ. դատարանը վարույթ է ընդունել փաստաթղթերի պատկանելության փաստը հաստատելու դիմումը։
Դատական ակտում արձանագրված՝ դիմողի ներկայացրած դիրքորոշումից ակնհայտ է, որ հատուկ վարույթի կարգով ներկայացված՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջը զուտ տեխնիկական բնույթ չի կրում։ Դիմողի իսկ ներկայացմամբ՝ փաստաթղթերի պատկանելությունը դատական կարգով հաստատելու անհրաժեշտությունն առաջացել է, որպեսզի Կարապետ Միսակյանը կարողանա ձևակերպել ժառանգությունը։ Ավելին, դիմողի ներկայացուցիչը վիճելի՝ Վեդի քաղաքի Թումանյան 13 Ա, ներկայում՝ Թումանյան 15 հասցեի անշարժ գույքը ներկայացրել է որպես Թագուհի Միսակյանին սեփականության իրավունքով պատկանող և ժառանգական զանգվածի մեջ մտնող գույք։ Հետևաբար, պահանջվող փաստի հաստատումն իր բովանդակությամբ և հետապնդվող նպատակով անմիջականորեն կապված է տվյալ անշարժ գույքի նկատմամբ ժառանգական իրավունքների ձևակերպման հետ։ 02.06.2026թ. դատավոր Դավիթ Սարգսյանը բավարարել է հատուկ վարույթի կարգով ներկայացված դիմումը։ Դատարանի գնահատմամբ՝ ներկայացված փաստաթղթերը՝ առանձին վերցրած, որպես այդպիսին իրավունք սահմանող փաստաթղթեր չեն, դատարանը հաշվի առնելով դրանց կադաստրային գործում առկա լինելու հանգամանքը, գտել է, որ դրանց «պատկանելության հարցի քննարկումն ուղղված է անձի սուբյեկտիվ իրավունքների (գույքի նկատմամբ ժառանգությունը ձևակերպելու) իրականացման խոչընդոտները վերացնելուն»։
Այսինքն, դատարանը փաստաթղթերի պատկանելության հաստատման իրավաբանական նշանակությունը կապել է հենց ժառանգության ձևակերպման հետ։ Ընդ որում՝ գործի քննությունն իրականացվել է առանց շահագրգիռ անձանց ներգրավելու Վերաքննիչ դատարանի տվյալ գործով արտահայտած դիրքորոշման պայմաններում։ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԿԴ1/0264/02/18 քաղաքացիական գործով արտահայտած իրավական դիրքորոշմամբ արձանագրել է, որ եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատումը կապված է դատարանի քննությանը ենթակա իրավունքի մասին վեճի լուծման հետ, այսինքն՝ առկա է նյութաիրավական վեճ, ապա այդ փաստի հաստատման վերաբերյալ դիմումը պետք է թողնվի առանց քննության։ Դատական ակտի հրապարակված տարբերակից հնարավոր չէ լիարժեք պարզել ապացուցման առարկան և ապացուցման պարտականության ծավալը, քանի որ այն հատվածում, որտեղ դատարանը սահմանել է, թե կոնկրետ ինչ հանգամանքներ պետք է ապացուցի դիմող Կարապետ Միսակյանը, բաց է թողնված շուրջ 14 տող։ Հնարավոր չէ պարզել նաև հաստատման ենթակա առաջին փաստի վերաբերյալ դատարանի եզրահանգումը․ ապացույցների գնահատումից հետո դատարանը նշել է, որ «գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ…», սակայն դրան հաջորդող շուրջ 12 տողը բաց է թողնված, ինչը օբյեկտիվորեն սահմանափակում է գործին մասնակից չդարձված անձի՝ դատական ակտի հիմքերն ու պատճառաբանությունները լիարժեք հասկանալու և արդյունավետ վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունը։ Հատուկ վարույթի գործով դատական ակտի հրապարակման օր էր նշանակվել 21.01.2026թ.։
Հետագայում Դատալեքսում նշվել է, որ դատաքննությունը վերսկսվել է։ Սակայն նոր դատական նիստի մասին ծանուցագիրն ուղարկվել է միայն շուրջ երկու ամիս անց՝ 25.03.2026թ., իսկ դատաքննությունը նշանակվել է 14.05.2026թ.։ Դատական ակտի հրապարակման ժամանակագրության վերաբերյալ պահպանվել են նաև «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի համապատասխան էջերի, ինչպես նաև որոնման պատմության սքրինշոթները, որոնց համաձայն 29.07.2026 թ. դրությամբ հատուկ վարույթի գործով դատական ակտը «Դատալեքս»-ում դեռ հրապարակված չի եղել։ 31.07.2026 թ. դատական ակտը հրապարակված է եղել, մինչդեռ դրա հրապարակման ամսաթիվ նշված է 02.06.2026թ.։ 03.07.2025 թ. Aravot.am կայքում հրապարակած իմ հայտարարությամբ արձանագրել էի, որ Վճռաբեկ դատարանի՝ իրավունքի և օրինականության տեսանկյունից խնդրահարույց որոշումը և դրան հաջորդած դատավարական զարգացումներն ակնհայտորեն տանում են դեպի ինձ ժառանգաբար պատկանող գույքի յուրացում՝ այն Կարապետ Միսակյանի անվամբ ձևակերպելու միջոցով։
Հաշվի առնելով նաև գործի շուրջ ձևավորված իրավիճակը՝ հարկ եմ համարում ընդգծել, որ չեմ բացառում իմ ընտանիքի անդամների նկատմամբ ճնշումների կամ հետապնդումների հնարավոր փորձերը՝ ինձ լռեցնելու կամ իմ օրինական իրավունքների պաշտպանությունից հրաժարվելուն հարկադրելու նպատակով։
Սիրուն ՄԻՍԱԿՅԱՆ
կենսաթոշակառու
«Առավոտ» օրաթերթ
28.08.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: