Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը
Երբ դատավորները հաջորդաբար հրաժարվում են գործից (ծիծաղ առաջացնող պատճառներով), դա վկայում է համակարգում ամեն մի մարդ-դատավորի սեփական անձի ինքնապահպանման բնազդի մասին, որը հաղթում է արդարադատության գաղափարին:
Յուրաքանչյուրը փորձում է «գնդակը փոխանցել» հաջորդին՝ խուսափելով պատասխանատվությունից: Չինովնիկների կաստայի վերածված դատական համակարգի փխրունության պատճառներից մեկը ԲԴԽ-ի ֆունկցիոնալ գոյության բացակայությունն է:
Վերջապես իմ ու շատերի բնական պահանջն է, որ դատավորը գործի բացառապես պարտքի կոչով, այլ ոչ թե հետևանքների հաշվարկով: Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության:
Դատավորը չի կարող ընտրել իր գործերը, ինչպես բժիշկը չի կարող ընտրել իր բուժառուին: Դատավորը պարտքի կոչով պարտավոր է դեմ առնել ճնշմանը, այլ ոչ թե փախչել դրանից:
Եթե չունեք հանրության համար ընկալելի որոշում կայացնելու ունակություն կամ խիզախություն, ապա հրաժարվեք պատասխանատու ֆունկցիայից կամ գնացեք սովորեք «մասիսներից» ու «մացոներից». Գոնե նրանք որոշում են կայացնում…
Պահանջում եմ դատական համակարգից ըստ էության քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով` զզվանք առաջացնող մեղադրանքը: Հասել ենք այն աստիճանի, որ դատական համակարգից պահանջում ենք ոչ թե իրավունքի վրա հիմնված արդարադատություն, այլ պարզապես ձևական (ընթացակարգային) արդարադատություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: