Մեծ Բրիտանիայի «Ռեֆորմ» կուսակցությունն առաջարկել է թույլ չտալ քվեարկել այն անձանց, որոնց անգլերենի իմացությունը բավարար չէ ընտրական կանոնները հասկանալու համար․ գրում է The telegraph-ը։
Ընտրատեղամասերի նախագահներին կառաջարկվի քվեաթերթիկ չտրամադրել այն անձին, որի՝ «քվեարկության գործընթացը կամ լեզուն հասկանալու կարողության» վերաբերյալ նրանք մտահոգություններ ունեն։
Այս միջոցը «Ռեֆորմ»-ի քաղաքականության հարցերով պատասխանատու Դենի Կրյուգերի կողմից կառավարության ներկայացրած օրինագծում առաջարկված մի շարք փոփոխություններից մեկն է։
«Ռեֆորմ»-ի առաջարկները նախատեսում են նաև խստացնել վերահսկողությունը , այսպես կոչված «ընտանեկան քվեարկության» նկատմամբ, երբ հարազատները ընտրողին ուղեկցում են քվեախցիկ կամ փորձում են ազդել նրա որոշման վրա։
Փոփոխության համաձայն՝ քվեախցիկում միաժամանակ չպետք է լինի մեկից ավելի մարդ։ Ընտրողները, որոնք չեն ենթարկվի այս պահանջին և կփորձեն հարազատներին խորհուրդ տալ, թե ինչպես քվեարկել, կարող են ենթարկվել անսահմանափակ չափով տուգանքի կամ մինչև վեց ամսվա ազատազրկման։
Կրյուգերը The Telegraph-ին ասել է. «Յուրաքանչյուր ընտրության ժամանակ մեր ժողովրդավարությունը համակարգված կերպով քայքայվում է։ Բրիտանիայի ընտրական համակարգը, որը ժամանակին աշխարհի նախանձելի համակարգերից էր, այժմ փլուզվում է անվերահսկելի ներգաղթի ճնշման ներքո։ «Ռեֆորմ»-ը չի պատրաստվում անտարբեր մնալ, քանի դեռ մեր քաղաքական համակարգը խարխլվում է։ Բրիտանիան պետք է կառավարվի բրիտանացի ժողովրդի շահերից ելնելով։ Այդ պատճառով մենք ներկայացնում ենք այս փոփոխությունները՝ մեր ժողովրդավարությունը փրկելու համար»։
Կրյուգերը փոփոխություններ է առաջարկել «Ժողովրդի ներկայացուցչության մասին» օրինագծում (Representation of the People Bill)։
Օրինագիծը, որը հաջորդ շաբաթ կրկին կքննարկվի Համայնքների պալատում, նախատեսում է քվեարկության տարիքը 16-ի իջեցնել և հետագայում սահմանափակել քաղաքական կուսակցություններին կատարվող նվիրատվությունները։
«Ռեֆորմ»-ի առաջարկների համաձայն՝ ընտրատեղամասի նախագահը պետք է որոշի՝ արդյոք անձը հասկանում է քվեարկության գործընթացը և արդյոք ընտանեկան քվեարկություն չի իրականացվում։
Եթե պաշտոնյան գտնի, որ ընտրողը չի հասկանում գործընթացը, հնարավոր է՝ անգլերենի կամ ուելսերենի անբավարար իմացության պատճառով, նա պետք է հրաժարվի նրան քվեաթերթիկ տրամադրելուց։
Այդ քվեաթերթիկը պետք է պահվի առանձին՝ նշումով, որ այն պատկանում է տվյալ ընտրողին, որպեսզի նա չկարողանա կրկին վերադառնալ և փորձել քվեարկել։
Անձը քվեարկության օրվանից հետո 48 ժամվա ընթացքում կունենա որոշումը բողոքարկելու իրավունք։
Հիշեցնենք, որ Հայաստանում ևս ընտրելու իրավունքի համար նոր պահանջ է սահմանվել։ 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված փոփոխություններով՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար ՀՀ քաղաքացին պետք է քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնված լինի առնվազն 366 օր։ Նույն փոփոխություններով նոր պահանջ է սահմանվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի