Երկարաժամկետ իշխանության անթույլատրելիությունից խոսեց, ինքն է սահմանազանցում 3-րդ ժամկետը. Մելոյանը՝ Փաշինյանի մասին

ՀՀ իրավական, քաղաքական, սոցիալական համակարգի դեգրադացիա, իրավունքի ճգնաժամ. ինչ են արձանագրում փորձագետները

«Ամեն օր Հայաստանում արձանագրում ենք իրավունքի, օրենքի մահը։ Սա ութ տարի ձգվող իրականությունն է։ Ամեն առավոտ դիմավորում ենք հերթական գույժով։ Այդ գույժը վերաբերում է մարդու իրավունքներին, վերաբերում է մեր արժանապատվության հերթական ոտնահարմանը և ՀՀ իրավական, քաղաքական, սոցիալական համակարգի դեգրադացմանը»,- այսօր «Հայաստան 2026․ իրավունքի վախճանը»՝ «Հայկական օրակարգ» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա անդրադարձավ Սահմանադրության փոփոխությանը և նկատեց, որ այդ փոփոխությունն «Ալիևյան դիզայն», Ալիևյան պարտադրանք ունեցող բովանդակություն է.

«Այսօր խորհրդարանում չկան բավարար ձայներ այդ փոփոխությունն իրականացնելու համար, բայց, ճանաչելով այս իշխանություններին, որոնց հետ ավելի քան ութ տարի ճանապարհ ենք անցնում, քաղաքական մեծամասնությունը, որը կարմիր գծերը հատելու որևէ կաշկանդվածություն չունի, ամեն ինչ սպասելի է»։

Փաստաբան Տաթևիկ Սողոյանն էլ նկատեց, որ ժողովրդավարությունն ու իրավունքն ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Հայաստանի նման երկրներում, խորը ճգնաժամի մեջ է, և հարկավոր է իմաստավորել իրավունքի դերը։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանն էլ նկատեց, որ այսօրվա իշխանությունը հեղափոխությունը հաջողեց ընդամենը երկրի ղեկավարի՝ իրարամերժ հայտարարության արդյունքում, որ երրորդ ժամկետ չի գնա, ու արձանագրեցին, որ գնաց՝ հիմա արդեն այսօրվա իշխանությունն է  արդեն երրորդ ժամկետ սահմանազանցել. «Նույնիսկ բառախաղ են դարձնում այդ իրողությունը, այն դեպքում, երբ նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ ելույթներ ուներ երկարաժամկետ իշխանության անթույլատրելիության, սուպերվարչապետության, երրորդ, չորրորդ ժամկետ գնալու համակարգի վերաբերյալ»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment