Քաղաքականություն
28.08.2026 | 15:55
Մոսկվայի 2-րդ արևմտյան շրջանային ռազմական դատարանը հեռակա կարգով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչին դատապարտել է 11 տարվա ազատազրկման, գրում է Meduza-ն։
Գործը մեկ օրով քննվել է դռնփակ նիստում։ Առիթը 2022 թվականի մարտի 17-ի տեսանյութն է, որում Արեստովիչը կոչ է անում «համատարած երկաթուղային պատերազմ» սկսել Ռուսաստանի դեմ օկուպացված տարածքներում։ Գործն առնչվում է նաև 2022 թվականի ապրիլի 8-ի հրապարակմանը, որը վերաբերում է Ռուսաստանի կողմից Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա հարձակմանը։
Արեստովիչը մեղավոր է ճանաչվել ռուսական բանակի մասին «կեղծ տեղեկություններ» տարածելու և ահաբեկչության կոչեր անելու համար։
Հավելենք, որ Ալեքսեյ Արեստովիչը 2023 թվականի հունվարին լքել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականի պաշտոնը և հեռացել երկրից՝ այն բանից հետո, երբ ենթադրություն էր հայտնել, թե Դնեպրում բնակելի շենքն ավերած ռուսական հրթիռը խոցվել է ուկրաինական ՀՕՊ համակարգի կողմից։ Ուկրաինայում Արեստովիչի դեմ երկու քրեական գործ է հարուցվել։ 2025 թվականի մայիսին նախագահ Վլադիմիր Զելենսկին նրա նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի