ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 30-ին ՀՀ ժամանած, ազգությամբ հայ, Նիդերլանդների Թագավորության քաղաքացի Ս․Ն․-ն և ՀՀ քաղաքացի Մ․Ն.-ն, նախնական համաձայնությամբ գործելով խմբի կազմում, Գերմանիայից ձեռք բերելով առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ և այն մաքսանենգությամբ՝ առանց իրենց մոտ առկա կանխիկ դրամական միջոցների առկայության մասին մաքսային հայտարարագիր ներկայացնելու, կանխիկ դրամական միջոցների առկայության փաստը թաքցնելով՝ ապօրինի ՀՀ են տեղափոխել անվանական ծրարներով փաթեթավորված՝ 397 մլն 156 հզր 944 ՀՀ դրամին համարժեք 956 հզր 400 եվրոյի թղթադրամ:
Այնուհետև, ՊԵԿ աշխատակիցների կողմից մաքսային զննման ենթարկվելու արդյունքում՝ նրանց ուղեբեռներում առկա հագուստների տարբեր հատվածներից հայտնաբերվել են տարբեր անվանական ծրարներով թաքցված՝ ընդհանուր 956 հզր 400 եվրո կանխիկ դրամական միջոցներ, որոնք առգրավվել են։
Նախաքննության ընթացքում Ս․Ն.-ի և Մ․Ն․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգություն):
Նրանցից մեկը կալանավորվել է, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը:
Կանխիկ դրամական միջոցները ճանաչվել են իրեղեն ապացույց՝ հետագայում մաքսանենգության առարկայի բռնագրավումը ապահովելու նպատակով։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։