Նախորդ ուսումնական տարի մեր դպրոցներում եղել է 424939 սովորող: Սովորողների թվի դրական դինամիկա ունեցանք վերջին տարիներին: Այս տարի, կարծում ենք, էլի մոտավորապես նմանատիպ թվերի մասին պիտի խոսենք: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Լրագրողի հարցին՝ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ են ժամանում ընտանիքներ մասնավորապես ՌԴ-ից, աշակերտների թվի աճ կա՞ այս առումով, նախարարը պատասխանեց՝ արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է:
«Այս պահի դրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում մենք ունենք 5427 երեխայի ընդունելություն: Այս գործընթացը նույնպես առաջիկա օրերին կամփոփվի: Մենք նկատում ենք որոշակի ակտիվություն հատկապես Երևան քաղաքում, նաև որոշակի իրավիճակային որոշումներ ենք կայացրել, որպեսզի երեխաների կրթության իրավունքն ապահովենք:
Եթե տվյալ վարչական շրջանում ռուսերենով ուսուցման հնարավորությունները, լիցենզիոն տեղերը սպառված են, ապա երեխաներին ընդունելության հնարավորություն տալիս ենք, որովհետև այդ իմաստով նաև այլընտրանքները հասանելի չեն, մոտ չեն, որպեսզի դրանք առաջարկվեն:
Կարծում եմ, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում կկարողանանք ավելի հստակ ցուցանիշներով խոսել տենդենցների մասին»,- ասաց նախարարը՝ հաստատելով, որ ակտիվություն կա, և որ նախարարությունն ամեն օր բազմաթիվ դիմումներ է ստանում:
Ըստ Անդրեասյանի՝ դիմումները վերաբերում են ոչ միայն դպրոցներին: Մեր բազմաթիվ հայրենակիցներ քոլեջներում ու բուհերում կրթությունը շարունակելու հարցով են դիմում, ԿԳՄՍՆ-ն կարողանում է ապահովել նրանց կրթության շարունակականությունը:
Ինչ վերաբերում է նոր ուսումնական տարում կրթության համակարգում սովորողների թվին, ապա վերջնական պատկերը կլինի սեպտեմբերի առաջին օրերին, քանի որ կրթական հաստատությունները շարունակելու են մինչև սեպտեմբերի 5-ը դիմումներ ընդունել. խոսքը վերաբերում է հատկապես առաջին և տասներորդ դասարանցիների ընդունելությանը: