«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայող պայմանագրային զինծառայողը մահվանից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկը հայտնաբերվել է կախված վիճակում։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, ավելի կոնկրետ` անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի եղել։
Կայքի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 11:25–ի սահմաններում, 23–ամյա Արտակ Հ.–ի մարմինը Վարդենիս քաղաքի տներից մեկի անասնագոմում կախված վիճակում հայտնաբերել է նրա ազգականը։ Զինծառայողի մարմինը հակի թելով կախված է եղել առաստաղի գերանից։ Ազգականը իջեցրել է նրան, զանգել շտապօգնություն, մինչ բժիշկների ժամանելը փորձել է ինքնուրույն օգնություն ցուցաբերել։ Սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։
«Մահացածը մինչ ինքնասպանություն գործելը հաղորդագրություն է ուղարկել իր ազգականին, որտեղ գրված է եղել․ «Արարքներիս համար ներողություն եմ խնդրում։ Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում»»,– նշում է լրատվամիջոցը` հավելելով, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, բայց մի քանի օր առաջ էր ծառայությունից վերադարձել տուն։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք` վերջին շրջանում հաճախակի են դարձել զինծառայողների մահվան դեպքերը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 24–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց` իր համար նորություն է, որ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։
Sputnik Արմենիա