Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ շարունակական և արդյունավետ համագործակցությունը․ տեղի է ունեցել ներկայացուցիչների հանդիպում
ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանի, Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանի, ՄԻՊ աշխատակազմի այլ ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Միհրան Բուլղադարյանի և գործակալության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են անձնական տվյալների մշակման, օգտագործման և փոխանցմանն առնչվող գործնական խնդիրները, ինչպես նաև հնարավոր խախտումների կանխարգելման և արդյունավետ արձագանքման մեխանիզմները։
Անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում անձնական տվյալների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներին և գործող օրենսդրական կարգավորումների կատարելագործման անհրաժեշտությանը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների անձնական տվյալների պաշտպանությանը՝ հաշվի առնելով նրանց իրավունքների և լավագույն շահի ապահովման առանձնահատկությունները։ Քննարկվել են երեխաներին վերաբերող տեղեկությունների, լուսանկարների և տեսանյութերի տարածման, ինչպես նաև դրանց հնարավոր ոչ իրավաչափ մշակման կամ հրապարակման հետ կապված հարցերը։
Կողմերը կարևորել են կրթական ծրագրերի իրականացման, առանձին դեպքերի և համակարգային խնդիրների համատեղ քննարկման միջոցով ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված միասնական ջանքերի շարունակականությունը՝ անձնական տվյալների պատշաճ պաշտպանության, հնարավոր խախտումների կանխարգելման և դրանց արդյունավետ արձագանքման նպատակով։
Մարդու իրավունքների պաշտպան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: