Մարտուն Գրիգորյանի որդու՝ Կամո Գրիգորյանի կողմից ապօրինի զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Գ.-ն 2025 թվականի հունիսի 20-ին մի խումբ անձանց հետ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա 1/1 հասցեի դիմաց վիճաբանել է Վ.Կ.-ի հետ, որի ընթացքում՝ խմբի կազմում, իր կողմից ապօրինի կրած զենքի գործադրմամբ, հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ: Այնուհետև, վիճաբանության ընթացքում արձակվել է 2-ից 3 կրակոց, ինչի հետևանքով խափանվել է հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը և սննդի կետի աշխատակիցների մոտ առաջացել է վախի զգացում:

Բացի այդ, Կ.Գ.-ն մի խումբ անձանց հետ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Վ.Կ.-ի նկատմամբ գործադրել է ֆիզիկական բռնություն, այն է՝ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Նախաքննության ընթացքում Կ.Գ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք կրելը), իսկ Վ.Կ.-ի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը):

Հունիսի 19-ին Շիրակի մարզային քննչական վարչություն է ներկայացվել հետախուզման մեջ գտնվող Կ.Գ.-ն, իսկ հաջորդ օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոխվել է այլընտրանքային խափանման միջոցներով:

Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Հիշեցնենք, որ մյուս մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը մարտի 4-ին ուղարկվել է դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment