Օշակբաև․ Հայաստանի թունավոր դիրքորոշումը խարխլում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հեղինակությունը

ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրները պետք է իրավական հիմքեր գտնեն Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու համար, քանի որ Երևանի դիրքորոշումը բացասաբար է ազդում այդ կառույցների հեղինակության վրա։ Նման կարծիք է հայտնել Ղազախստանի «TALAP» կիրառական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռահիմ Օշակբաևը «ԱՊՀ-ն 35 տարեկան է. որոնք են հետագա հեռանկարները» տեսակամրջի ընթացքում, որն անցկացվել է Sputnik Ղազախստանի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակում։

«Հայաստանը հրաշալի, հրաշալի երկիր է, մեր դաշնակիցը, Ռուսաստանի դաշնակիցը, բայց, այնուամենայնիվ, մենք չենք կարող հայ ժողովրդից ավելի լավ մտածել՝ իմանալու համար, թե որն է իրենց համար լավ։ Հայաստանի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ, դա նրանց ինքնիշխան գործն է՝ լինել այնտեղ, թե չլինել։ Ուրեմն որոշում կայացրեք, թույլ տվեք մեզ հետագայում զարգացնել մեր ձևաչափերը, դրանք մեզ համար շատ կարևոր են», – Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասել է Օշակբաևը։

Խոսելով ինչպես Ղազախստանի, այնպես էլ այդ կառույցների մեջ մտնող մյուս երկրների համար ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի բացառիկ դերի մասին՝ Օշակբաևը կարևորել է նրանց կայուն աշխատանքը, բարձր հեղինակությունը և հետագա զարգացումը: Ըստ այդմ, նրա խոսքով, Հայաստանի անդամակցության հարցի լուծումը բխում է մյուս բոլոր անդամների շահերից։ Այս առումով նա դրական է գնահատել պետությունների ղեկավարների արձագանքը, որոնք մատնանշել են ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անհամատեղելիությունը ու կոչ են արել Հայաստանին վերջնականապես կողմնորոշվել ընտրության հարցում և անցկացնել համապատասխան հանրաքվե:

«Ինձ խիստ շփոթեցնում է այն երկար տարիների թունավորությունը, որը ստեղծվում է Հայաստանի կողմից մեզ համար կարևորագույն ՀԱՊԿ և ԵԱՏՄ ձևաչափերի շուրջ։ Այսինքն՝ այդ ձևաչափերի՝ նման, այսպես ասենք, ցուցադրական անտեսումը, ՀԱՊԿ անդամության «սառեցումը», որն իրավաբանորեն նախատեսված չէ և անհասկանալի է, թե ինչի մասին է այն… Այս իրավիճակը, ցավոք, անորոշ է, բայց անձամբ ինձ թվում է, որ մենք բոլորս առաջին հերթին պետք է մտածենք մեր շահերի մասին։ Եվ մեր շահերից է բխում, որ Հայաստանը, այնուամենայնիվ, կողմնորոշվի և դադարի գոյացնել, իմ կարծիքով, այն շատ մեծ «թունավորումը» ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության նկատմամբ», – եզրափակել է ղազախ փորձագետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ինչպես հայտարարել էր ռուսաստանյան քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, «ԵԱՏՄ-ԵՄ» ընտրության թեման Հայաստանի համար չի փակվել, իրավիճակն առավելապես ներքաղաքական բնույթ է կրում և կապված է, այդ թվում, հայկական ինքնության որոնման հետ:

Sputnik Արմենիա

Leave a comment