«Ամոթ պատվեր կատարողներ իրավապահներին։ Սովոր եք, որ ամռանը ձեր կաբինետներում հով լինի, ծառայողական մեքենաներով, բա էդ դրախտից ո՞նց կտրվեք»․ Մանուկ Սուքիասյանը՝ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի առիթով

«Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», «Ամո′թ բոլոր պատվեր կատարողներին»,- ՀՀ գլխավոր դատախազության առաջ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների բողոքի ցույցի ժամանակ վանկարկում էին ցույցի մասնակիցները։

«Մայր Հայաստան»-ը կոչ է անում միավորվել բոլոր նրանց, ովքեր դեմ են քաղաքական բռնաճնշումներին և չեն ցանկանում ապրել վախի ու լռության մթնոլորտում։

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը, հիշեցնելով Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ քրեական գործը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ասաց․ «Տիկին դատախազ, դիմում եմ Ձեզ, կալանքը շարունակելու որևէ հիմք չկա։ Հիմա էլ նախաքննությունն ավարտվել է, գործը դատարանում է, այս ընթացքում որևէ կարգի մեղադրանքի ամրապնդում, հիմնավոր ինչ-որ հանգամանք ի հայտ չի եկել։ Թե′ Արեգնազ Մանուկյանը, թե′ Անդրանիկ Թևանյանը քաղբանտարկյալներ են, որոնք որևէ կերպ չեն խոչընդոտում իրավապահներին։ Նրանց կալանք կոչվածը հիմա առավել ևս որևէ հրատապություն չունի։ Պահանջում ենք Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի ազատությունը»։

Դիմելով իրավապահներին, որոնք ցուցարարների կարծիքով՝ պատվեր են կատարում, Մանուկ Սուքիասյանը հայտարարեց․ «Ամոթ բոլոր այն պաշտոնյաներին, իրավապահներին, որոնք առ այս պահը կատարել են վերևից եկած հրահանգները, որոնք տեսնելով, որ այս գործն ունի ակնհայտ քաղաքական բնույթ, քաղաքական արմատական ընդդիմախոսին քարոզարշավից հանելու խնդիր ունի իշխանությունը, բոլորը հլու հնազանդ կատարել են վերևից եկած հրամանները։ Այս ամենը շինծու, կեղծ է, պատվիրովի, ամեն ինչն ուղղորդված է իշխանությունների կողմից։ Բայց չկան հավերժական իշխանություններ։ Այս գործը պայթելու է դատարանում, պետք չէ դատարանները վերածել կրկեսի, ծաղրածուի դեր պետք չէ ստանձնել, դուք այս երկրի մարդիկ եք, մի հատ այդ գործը ծայրից ծայր նայեք, դրա համար հետո ամաչելու եք, եթե, իհարկե, ձեր մեջ մնացել է ամոթ։ Դուք բարդույթ ունեք, ի վիճակի չեք գնալ, ուրիշ աշխատանք կատարել, սովոր եք, որ ամռանը ձեր կաբինետներում միշտ հով լինի, քաղաքակիրթ միջավայրում, ծառայողական մեքենաներով, բա էդ դրախտից ո՞նց կտրվեք, վեր կենաք, ասեք՝ չափ ու սահման կա, չի կարելի կեղծիքի հիման վրա մարդկանց անունը փորձել պախարակել, բարի համբավին փորձել վնասել։ Հրաժարվում ենք դա անել։ Բայց իմացեք՝ թե′ իշխանությունները, թե′ պատվեր կատարող իրավապահները պատմության հետ գնում են պատմության ետնախորշ»։

«Մայր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դերենիկ Մալխասյանն էլ նշեց․ «Երկրում բարդ իրավիճակ է այն առումով, որ օրեցօր ավելի կոշտանում է բռնատիրական ռեժիմը, որը հաստատվել է 2020-2021-ից հետո։ Բռնաճնշումների նոր փուլը սկսվեց մայիսի 22-ին, երբ ձերբակալվեց Անդրանիկ Թևանյանը՝ շինծու քրեական գործով։ Ունենք իրավիճակ, որ միջազգային կազմակերպությունները, որոնք կոչված են մարդու իրավունքները, ժողովրդավարական արժեքները պաշտպանել, հիմա ձկան նման լուռ են։ Աշխարհաքաղաքական պատվերը կյանքի կոչելու համար Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տրված է քարտ բլանշ, որը նա իրականացնում է»։

Ցուցարարներն այնուհետև շարժվեցին դեպի կառավարություն շենք իրենց բողոքը ևս մեկ անգամ կառավարության շենքի դիմաց հայտնելու համար, որտեղ ընթանում էր ՀՀ կառավարության նիստը։ 

Բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Մայր Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment