Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում

Հայաստանը պատրաստվում է խորացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը Լեհաստանի հետ։ Factor.am-ը տեղեկանում է, որ ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի դեսպանությանը կից սահմանել ռազմական կցորդի հաստիք՝ քաղաք Վարշավա նստավայրով։

Նախագծի հեղինակ ՀՀ պաշտպանության նախարարությունը հիմնավորման մեջ նշում է, որ նախագիծը նպատակաուղղված է երկկողմ անվտանգային գործընկերության ամրապնդմանը և Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացմանը։

Ըստ նախագծի՝ Հայաստանը մեծապես կարևորում է Լեհաստանի հետ համագործակցության հետևողական զարգացումը՝ այն դիտարկելով որպես կարևորագույն կամուրջ Հայաստանի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Եվրոպական միության միջև։

Ակնկալվում է, որ նորանշանակ ռազմական կցորդն ակտիվորեն կաջակցի ՆԱՏՕ-ի շրջանակներում Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) միջոցառումների հետևողական իրականացմանը Լեհաստանում։ Ըստ ներկայացված հիմնավորման՝ ներկայում հայ-լեհական ռազմական համագործակցությունն ընդգրկում է հետևյալ ուղղությունները․ հրահանգիչների պատրաստում, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցություն, կին զինծառայողների իրավունքների պաշտպանություն, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողություն, ներքին աուդիտի և հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրման ոլորտներում փորձի փոխանակում։

Հետագայում համագործակցության աշխարհագրությունն ու ծավալները կընդլայնվեն՝ ներառելով պարբերական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները, ռազմական կրթությունը, արհեստավարժ սերժանտական կազմի և անձնակազմի մարտական պատրաստությունը, ինչպես նաև ռազմական բժշկությունը։

Վարշավայում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդն իրականացնելու է պատասխանատու ներկայացուցչական և դիտորդական աշխատանք, մասնավորապես․ պաշտոնական կապերի հաստատում և խորացում երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում (մոնիթորինգ), պատվիրակությունների այցերի կազմակերպում և աջակցություն, հայկական կողմի պաշտոնական ներկայացվածության ապահովում զորահանդեսներին, զորավարժություններին, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին, այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով դիտորդական գործառույթների իրականացում։

Ռազմական կցորդի պահպանման ֆինանսավորումը նախատեսվում է սկսել 2027 թվականից՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվելիք բյուջետային միջոցների սահմաններում։ Նախատեսվում է, որ որպես դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի անդամ՝ ռազմական կցորդն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2027 թվականի հունվարի 1-ից՝ հյուրընկալ երկրի կողմից հավատարմագրման և համապատասխան համաձայնության տրամադրման ընթացակարգերից հետո։

Արփի Հակոբյան

Leave a comment