«Պարոն Հարությունյան, գոնե դուք սադրանքների եւ մանիպուլյացիաների մասին մի խոսեք․ ես մշտապես խոսել եմ փաստերով»

«Տիկին Յոլյան, ես ձեզ շատ վաղուց եմ հետեւում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից, որովհետև ձեզ համարում եմ ամենաշատ սադրանքներ տարածած, ինֆորմացիան ամենաշատը նենգափոխած հանրային գործիչներից Սյունիքում»,- ԱԺ նիստում Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության  հարցի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրինա Յոլյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը։

Իրինա Յոլյանն ի պատասխան ասաց․ «Պարոն Հարությունյան, գոնե դուք սադրանքների եւ մանիպուլյացիաների մասին մի խոսեք։ Ես մշտապես խոսել եմ փաստերի ու իրողությունների մասին։ Ընդ որում, դա արել եմ՝ առանց որակումներ տալու։ Եթե որեւէ տեղ ադրբեջանական զինված ուժերը մեր սուվերեն տարածք ներխուժել են, ես այդ մասին ներկայացրել եմ, բացի փաստերից, ոչինչ չեմ ներկայացրել։ Այլ բան, որ դա ձեզ համար հաճելի չէ, փաստերի մասին լսելը ձեզ համար ականջահաճո չէ»։

Արայիկ Հարությունյանը կարդաց Իրինա Յոլյանի՝ նոյեմբերի 9-ից հետո արած գրառումը՝ այն որակելով ատելության խոսք։

«Ինձ համար անընդունելի է եղել իմ երկրի կապիտուլյացիայի փաստաթուղթը։ Հիմա էլ է անընդունելի, որեւէ պարագայում դա չի կարող լինել ընդունելի, որովհետեւ, այո, ես կարծում եմ, որ դուք ՀՀ-ն ծնկի եք բերել եւ հիմա ամեն ինչ անում եք, որպեսզի ՀՀ քաղաքացին հանձնվի։ Ես դա չեմ ընդունում եւ նաեւ այստեղ եմ՝ դա բարձրաձայնելու ու իմ ուժերի սահմաններում ամեն ինչ անելու համար»,- արձագանքեց Յոլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Իմ հարցը պատասխանատվության եւ անպատասխանատվության մասին էր, պատերազմի հաջորդ օրն այդպիսի հայտարարություններ անելը շատ հատկանշական է, եւ ձեր պատասխանն ամեն ինչ ասաց»,- արձագանքեց Արայիկ Հարությունյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment