ՀԲԸՄ-ն ՀՀ իշխանություններին կոչ է արել չմիջամտել եկեղեցու գործերին

ՀՀ իշխանությունները չեն կարող միջամտել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ընտրության կամ հրաժարականի հարցերին, ասվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչության՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և խորհրդարանի անդամներին ուղղված նամակում։

Նամակը վերաբերում է կառավարության 2026-2031 թվականների ծրագրում Հայ Առաքելական եկեղեցուն (ՀԱԵ) վերաբերող դրույթներին։ ՀԲԸՄ-ն նշել է, որ ծրագրում տեղ գտած այդ դրույթները լուրջ մտահոգություններ են առաջացնում։

ՀԲԸՄ-ն ընդգծել է, որ եկեղեցին դարեր շարունակ պաշտպանել է քրիստոնեական հավատքը, հայկական ինքնությունն ու աշխարհի հայերի միասնությունը՝ պահպանելով ինքնակառավարման անկախ համակարգը։

«Այս պատմական ավանդույթի, ինչպես նաև ՀՀ սահմանադրության և օրենքների, կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշների և կանոնական իրավունքի համաձայն՝ կառավարության ծրագրի՝ եկեղեցուն վերաբերող դրույթները, մասնավորապես՝ կաթողիկոսի հրաժարականի կամ ընտրության հարցերը, ինչպես նաև եկեղեցական կանոնադրության ընդունումը, չեն կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից»,- հայտարարել է ՀԲԸՄ-ն։

Կազմակերպությունը կոչ է արել Ազգային ժողովին մերժել եկեղեցական ներքին կառավարմանը միջամտելու կառավարության առաջարկը և հավատարիմ մնալ եկեղեցական կառավարման դարավոր սկզբունքներին։

Օգոստոսի 24-ին ՀՀ Ազգային ժողովը հաստատել էր կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։ Այն կառավարության հավանությանն էր արժանացել օգոստոսի 20-ին։ Ծրագիրը հիմնված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախկինում առաջ քաշված «Իրական Հայաստան» գաղափարախոսության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և երկրի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման գաղափարախոսության վրա։ Փաստաթղթում նաև ներառված են Գարեգին Բ-ին կաթողիկոսական գահից հեռացնելու և Հայ Առաքելական եկեղեցին բարեփոխելու խնդիրները։

Armenia Today

Leave a comment