Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն

Հասարակություն

25.08.2026 | 21:53

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ սեպտեմբերի 1-ից Հայաստանի դպրոցներում և դրանց հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն։ Ոստիկանության ստորաբաժանումներին տրվել է հանձնարարական՝ ապահովել աշակերտների անվտանգ տեղաշարժը, կանխել խցանումներն ու հնարավոր իրավախախտումները։Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Կամո Ցուցուլյանը հանձնարարել է սեպտեմբերի 1-ից հանրապետության ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ներգրավելով ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների ծառայողներին։

Նրա խոսքով՝ ծառայությունը չպետք է սահմանափակվի միայն դպրոցների մուտքերի մոտ հերթապահությամբ։ Ոստիկանները պետք է իրականացնեն նաև շրջիկ ծառայություն՝ ապահովելով տարածքների պատշաճ վերահսկողությունը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երթևեկության անվտանգությանը։ Խցանումների կանխման, երթևեկության անխափան կազմակերպման և անչափահասների անվտանգ տեղաշարժի ապահովման նպատակով Ցուցուլյանը հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ և ուժեղացնել հսկողությունը սպասարկվող տարածքներում։

Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է նաև անչափահասների հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։ Ուշադրության կենտրոնում պետք է պահել ինչպես անչափահասների մասնակցությամբ, այնպես էլ նրանց նկատմամբ հնարավոր իրավախախտումների կանխարգելումը։

Կամո Ցուցուլյանը կարևորել է նաև ծառայողական կարգապահության հետևողական պահպանումը՝ ընդգծելով ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների անձնական պատասխանատվությունը ծառայության պատշաճ կազմակերպման հարցում։

Leave a comment