BMW-ում կարծում են, որ մինչև 45 տարեկան վարորդներին ֆիզիկական կոճակներ պետք չեն

Ավտոմեքենաների սրահների ապագա ձևավորման շուրջ լուրջ պայքար է ծավալվում։ BMW-ն, ի տարբերություն մրցակիցների, շեշտը դնում է սենսորային կառավարման և ձայնային հրահանգների վրա, մինչդեռ մյուս արտադրողները նախընտրում են վերադառնալ ժամանակի փորձությունն անցած կոճակներին և պտտվող կարգավորիչներին։

Նոր BMW iX3-ը այս մոտեցման վառ օրինակն է։ Այս քրոսովերում ամբողջությամբ հրաժարվել են կլիմայի կառավարման ֆիզիկական տարրերից՝ հօգուտ սենսորային էկրանի և ձայնային օգնականի։ iX3-ի սրահը դարձել է «մաքուր» թվային տարածք, որտեղ ամեն ինչ կառավարվում է ձայնային հրահանգներով և հպումներով։

BMW Group-ի Ավստրալիայի գլխավոր տնօրեն Վիքրամ Պավահը բացատրում է, որ ընկերությունը կենտրոնանում է երիտասարդ հաճախորդների վրա, որոնք գնահատում են արագ և միաժամանակ մի քանի խնդիր կատարելու հնարավորություն ունեցող լուծումները։

«Ավտոմեքենան հասարակության մի մասն է, և մենք տեսնում ենք, որ ձայնային կառավարումը գնալով ավելի տարածված է դառնում, հատկապես այս լսարանի շրջանում», – ասում է նա։

Սակայն BMW-ն արդեն բախվել է սրահի արմատական փոփոխությունների քննադատությանը։ Բավական է հիշել 2001 թվականին iDrive համակարգի հայտնվելուց հետո առաջացած դժգոհությունների մեծ ալիքը։ Այնուամենայնիվ, ընկերությունը չի վախենում նոր մարտահրավերներից։ Բավարական ապրանքանիշի ներկայացուցիչների խոսքով՝ iX3-ի նոր ձայնային օգնականը զգալիորեն բարելավել է հրահանգների ճանաչման ճշգրտությունը։

Միևնույն ժամանակ, մյուս արտադրողները գիտակցել են, որ սենսորային կառավարումը կարող է հաճախորդների շրջանում առաջացնել սթրես և նյարդայնություն։ Hyundai-ն օգտատերերի բողոքներից հետո վերադարձրել է ֆիզիկական կառավարման տարրերը, Mercedes-ը նույնպես ընդունել է իր սխալը՝ հրաժարվելով սրահում առկա կոճակներից, իսկ Volkswagen-ը նոր էլեկտրական մոդելներում ավելացրել է ֆիզիկական անջատիչներ։

Հետաքրքիր է, որ նույնիսկ չինական կարգավորող մարմիններն են ընդունել, որ սենսորային կառավարման ամբողջական անցումը փակուղային ճանապարհ է։ Հաջորդ տարվանից Չինաստանում ավելի քան մեկ տասնյակ գործառույթներ, այդ թվում՝ շրջադարձի ցուցիչները, լուսարձակները, ապակեմաքրիչները, վթարային ազդանշանը և փոխանցման համակարգի կառավարումը պետք է հասանելի լինեն ֆիքսված ֆիզիկական կառավարման տարրերի միջոցով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment