Ձեզ հրավիրում եմ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին․ Ժապարովը՝ Փաշինյանին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Փաստաթղթերի փոխանակման արարողությունից հետո, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն իր հայտարարությունում ասել է․
«Հարգելի պարոն Փաշինյան, ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, նախևառաջ ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն վարչապետ, Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերի համար: Շատ բարձր եմ գնահատում Ղրղզստանի պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելությունը և հյուրընկալությունը:
Այս այցը պատմական նշանակություն ունի, քանի որ Ղրղզստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան: Համոզված եմ, որ դրա արդյունքները նոր խթան կհաղորդեն մեր երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը և համագործակցության հետագա զարգացմանը։
Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ հայկական կողմին կենսաբազմազանության թեմայով Առաջնորդների գագաթնաժողովի հաջող անցկացման առիթով։ Միջոցառումը բարձր մակարդակով է կազմակերպված և կարևոր հարթակ է դարձել բնապահպանական գլոբալ մարտահրավերներին դիմակայելու, համատեղ մոտեցումներ մշակելու համար:
Ղրղզստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և արդյունավետ համագործակցության հանձնառության վրա։ Գոհունակությամբ նշում եմ, որ վերջին տարիներին մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը գնալով ավելի ակտիվ է դարձել։
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Այսօր մենք պարոն վարչապետի հետ առարկայական և բովանդակալից բանակցություններ ունեցանք, որոնց ընթացքում մանրամասն քննարկեցինք Ղրղզստան–Հայաստան հարաբերությունների ներկայիս վիճակը և դրանց հետագա զարգացման հեռանկարները։ Ուրախալի է, որ մեր երկրների միջև ձևավորվել է բաց և կառուցողական քաղաքական երկխոսություն։ Վարչապետ Փաշինյանն այս տարեսկզբից մի քանի անգամ այցելել է Ղրղզստան՝ մասնակցելու տարբեր նիստերի, և դա լավ ցուցանիշ է։
Մենք լայն հնարավորություններ ենք տեսնում առևտրի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման համար, և համոզված եմ՝ հատկապես տրանսպորտի ոլորտում համատեղ ջանքերը ևս կտան արդյունք: Իսկ սա կարևոր ուղղություններից մեկը կլինի, և այս մասով տարանցման հնարավորությունները, դրանց ընդլայնումը շատ կարևոր կլինեն։ Այս ուղղություններով կարծում եմ, որ մենք կհասնենք կոնկրետ արդյունքների:
Այսօրվա բանակցությունների կարևորագույն արդյունքներից մեկը երկկողմ փաստաթղթերի լուրջ փաթեթի ստորագրումն է, որը վերաբերում է քաղաքացիների տեղաշարժին, կենսաթոշակներին, կրթությանը, գիտությանը և անձնական տվյալների պաշտպանությանը: Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կամրապնդեն մեր համագործակցության իրավական հիմքը և կբացեն երկկողմ համագործակցության նոր հնարավորություններ, հատկապես կցանկանայի ընդգծել Իսսիկ-Կուլ և Սևանա լճերի պահպանման գործում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը: Այս եզակի լճերը ոչ միայն անգին բնական գանձեր են, այլև մեր ժողովուրդների ազգային ժառանգության անբաժանելի մասը՝ սերտորեն կապված նրանց պատմության, մշակույթի և կյանքի հետ: Դրանք պահպանելը և ապագա սերունդներին փոխանցելը մեր ընդհանուր հավաքական պատասխանատվությունն է:
Մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում մտքերի բովանդակալից փոխանակման և Ղրղզստան–Հայաստան հարաբերությունների զարգացման գործում Ձեր անձնական ներդրման համար:
Առիթն օգտագործելով՝ կրկին Ձեզ հրավիրում եմ Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Բիշքեկում 2027 թվականի հոկտեմբերի 21-23-ը։ Անհամբեր կսպասենք և շատ ուրախ կլինենք Ձեզ կրկին ողջունել ղրղզական հողում։
Շատ շնորհակալություն ուշադրության համար»։