Հայաստանի՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ առևտրի կրճատումը կրիտիկական ցնցումների չի հանգեցնի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Դա որևէ կրիտիկական ցնցման չի հանգեցնում, քանի որ Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանի մասնաբաժինն այնքան էլ մեծ չէ, իսկ Երևանի ապրանքաշրջանառությունը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ աննշան է»,- ասել է Աղասանդյանը։
Նա նաև անդրադարձել է հայկական որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումներին՝ նշելով, որ դրանք, ըստ ռուսական կողմի, նպատակ ունեն ապահովելու ԵԱՏՄ-ում սահմանված սանիտարական և բուսասանիտարական պահանջներին համապատասխան անվտանգ արտադրանքի ներմուծումը։
Աղասանդյանի խոսքով՝ նման վերահսկողությունը ԵԱՏՄ անդամ երկրների պետական սահմանների անցակետերում նախատեսված է Միության մասին պայմանագրով։
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից սահմանափակել է Հայաստանից կարանտինային վերահսկողության ենթակա ամբողջ արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով դրա տարանցումը ԵԱՏՄ անդամ այլ երկրներ։ Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել էր, որ սահմանափակումները պայմանավորված են արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայությամբ և քաղաքական բնույթ չեն կրում։