Քաղաքականություն
25.08.2026 | 16:24
Թուրքիայի նախագահականին կից Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է տարածել սոցիալական ցանցերում և մամուլում տարածված այն պնդումների վերաբերյալ, որ երկրում փոքրամասնությունների դպրոցները ենթարկվում են տարբեր սահմանափակումների։
«Սոցիալական ցանցերում և մամուլում տարածվող հաղորդումները, որոնք տպավորություն են ստեղծում, թե «տարբեր սահմանափակումներ են կիրառվում, հատկապես՝ փոքրամասնությունների դպրոցների նկատմամբ», պարունակում են ապատեղեկատվություն և նպատակ ունեն խաթարել հասարակության խաղաղությունն ու միասնությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս դպրոցներին վերաբերող համապատասխան օրենքի դրույթներից դուրս որևէ նոր կարգավորում չի իրականացվում. դպրոցները շարունակում են կրթական գործընթացը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի կրթության նախարարության նոր որոշմամբ՝ երկրում գտնվող Հայաստանի քաղաքացի երեխաներն այլևս չեն կարողանալու կրթություն ստանալ հայկական դպրոցներում։ Կրթության նախարարության տեսուչներն օրերս տեղեկացրել են հայկական դպրոցներին, որ նրանց հարկի տակ հայաստանցի երեխաներն այլևս չեն կարող շարունակել ուսումը։ Փոխարենը, նոր որոշման համաձայն՝ այդ երեխաները պետք է կրթություն ստանան թուրքական պետական դպրոցներում։
Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ նախարարության նոր որոշումը չի վերաբերում միայն հայկական դպրոցներին և հայաստանցի երեխաներին։
«Նախարարությունն այլ փոքրամասնական դպրոցների պարագայում ունեցել է որոշ դիտարկումներ, որոնց հիման վրա միջամտության անհրաժեշտություն է զգացել։ Եվ դրա հիման վրա ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանից արտագաղթած ընտանիքների երեխաները, որոնք մեր դպրոցներ են հաճախում «հյուր-աշակերտի» կարգավիճակով, զրկվում են այդ հնարավորությունից»,- հայտնել էր նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի