«Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական իշխանության հրահանգով իրավապահ մարմինները համապատասխան գործողություններ են սկսում։ Սա գնահատում եմ այդ նույն շարքից»,– այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների տներում այսօր վաղ առավոտից սկսված խուզարկություններին ու ձերբակալություններին։
Անդրադառնալով ի նշան բողոքի նիստերի դահլիճից երեկ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների դուրս գալուն ու այսօր վերադարձին, որոնք շահարկումների առիթ են տվել ՔՊ-ականների շրջանում, և պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված իրենց այսօրվա վերադարձը, Ղահրամանյանն այդպես արձագանքեց․ «Չեմ մեկնաբանի՝ ինչ են ՔՊ-ականներն ասում։ Ամեն բան կարող են ասել, բայց մեր ժողովուրդը տեսնում է իրականությունն ու սեփական վերլուծությունն անելու կարողություն ունի։ Վեհափառին ավազանի անունով դիմելը մենք համարում ենք մեր կրոնական ու հոգևոր զգացումները վիրավորող միտումնավոր գործողություն, և երեկվա մեր պահվածքը հենց դրանով էր պայմանավորված։ Դա անհամաձայնություն էր այդ վարքագծին»։
Հարցին՝ չե՞ք կարծում, որ այսուհետև երբ ՔՊ-ն ցանկանա, որ դահլիճից դուրս գաք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ավազանի անունով կդիմի, ի պատասխան Ղահրամանյանն ասաց․ «Չեմ կարծում, որ մեր գործիքակազմերը ՔՊ-ն է որոշելու։ Համապատասխան իրավիճակից կախված՝ կընտրվի համապատասխան գործիքակազմ ու կկայացվի համապատասխան որոշում։ ՔՊ-ն չի կարող թելադրել՝ երբ լինենք դահլիճում, երբ դուրս գանք»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: