Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին


Ես չեմ հիշում, որ երկու օր տևի Կառավարության ծրագրի քննարկումը: Տպավորությունների մակարդակում սա Կառավարության ծրագրի ամենակարճ քննարկումն է, բայց քննարկվող հարցերի մեջ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ կապված հարցերը էլի որոշակի դերակատարում ունեին: Այդ մասին իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ընդդիմության ներկայացուցիչն ասում է՝ հոգևորականի ձեր իդեալը Նավասարդ Կճոյանն է, և դուք ուզում եք նրա միջոցով… Ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել՝ Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանը եթե ընդունի այդ օրակարգը, ես էս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ ես կնստեմ և իր հետ, ամենայն հարգանքով, կքննարկեմ այդ օրակարգը: Ես չեմ ասել երբեք, որ կան մերոնքականներ և ոչ մերոնաքականներ, որոնց մի մասը կարող է բարեվարքության կանոնները պահել, մյուս մասը՝ չպահել:


Ի միջի այլոց, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է՝ բարեվարքության կանոններ և այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ»,- ասաց վարչապետը: 


Նրա խոսքով՝ ինքն աշխատանքային մակարդակով ասել է, որ պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգևորականների համար:


«Բայց խոսքը մեր ազգային արժեքների պահպանության մասին է, որովհետև մեր ազգային արժեքները դեֆորմացված են հենց էդ փաստի բերումով: Մենք ո՞նց կարող ենք հանդուրժել, որ մեր սրբություն սրբոցը ախտահարված է: Լավ, եկեք ամեն ինչ դնենք մի կողմ, ուզում եք Վեհափառ ասենք, ուզում եք Գարեբին Բ ասենք, ուզում եք Կտրիճ Ներսիսյան ասենք, ինչ ուզում եք ասենք, բայց էդ ամեն ինչից անդին կան փաստեր, որոնց մասին գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր հավատացյալ: Լեգիտիմությունը գերկարևոր հարց է»,- նշեց Փաշինյանը: 


Մեջբերելով ընդդիմության ներկայացուցչի խոսքերը, թե ՀՀ քաղաքացիների 97 տոկոսը հավատում է եկեղեցուն, ասաց՝ խնդիրը հենց այդտեղ է, որ ՀՀ քաղաքացիների 97 տոկոսը հավատում է, իսկ եկեղեցու գլուխը չի հավատում Աստծուն:


«Ինքը հոգևոր կյանք չունի: Ինքը ժխտել է Աստծո հետ իր ուխտը  և այդ ուխտադրժությունը փաթաթված է մեր բոլորի վզին: Ես պատրաստ չեմ այդ ուխտադրժության պատասխանատվությունը կրել»,- հայտարարեց նա՝ հնչեցնելով նախադասություն Մատթեոսի Ավետարանի Երանիներից:


Նրա խոսքով՝ այսօր եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես են գալիս մարդիկ, որոնք չգիտեն՝ Աստվածաշնչի, Կտարակարանի, Ավետարանի մեջ ինչ տարբերություն կա, նրանց համար եկեղեցին փող լվանալու համակարգ է: 


«Կտրիճ Ներսիսյանը կամ Գարեգին Բ-ն պատերազմի կուսակցության ներկայացուցիչ է»,- հայտարարեց վարչապետը:

Leave a comment