Փաստաբան․ Խուզարկվում է նաև Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշը» (PAN.am)

Իրավապահները խուզարկություն են իրականացնում նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա տեղեկացրել է, որ այս պահին ուղևորվել է «Պռեգոմեշ» (Սիրուշոյի զարդերի խանութը)՝ ընկերության շահերը պաշտպանելու նպատակով, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը շարունակում է մնալ պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը, որտեղ խուզարկությունը դեռ շարունակվում է։

Առավոտյան իրավապահները մուտք են գործել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների` Սեդրակ Քոչարյանի ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում իրականացվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։

Leave a comment