ԿԲ․ ՀՀ-ում բանկերից տարին առնվազն մեկ անգամ հնարավոր է անվճար տեղեկանք ստանալ

Հայաստանում ֆիզիկական անձը կարող է առևտրային բանկերից տարվա մեջ առնվազն մեկ անգամ անվճար ստանալ տեղեկանք իր բանկային հաշիվների, հաշիվների մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ։ Այդ մասին տեղեկություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։

ԿԲ–ից նշել են, որ «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգում բանկի խորհուրդը համապատասխան այս լրացումը կատարել է` հաշվի առնելով սպառողների կողմից ստացված ազդակները։

«Տեղեկանքը էլեկտրոնային եղանակով կտրամադրվի անվճար, իսկ թղթային տարբերակը՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ անվճար»,– տեղեկացրել են ԿԲ–ից։

Կարգավորման նպատակն է ամրապնդել ֆիզիկական անձանց՝ բանկային համակարգում իրենց կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ ապահովելով համապատասխան տեղեկանքի հասանելիությունը, բարձրացնել ֆինանսական ծառայությունների մատչելիությունն ու թափանցիկությունը։

Sputnik Արմենիա

Leave a comment