ԱՄՆ-ն դադարեցրել է Սիրիայի՝ ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը
ԱՄՆ-ն պաշտոնապես դադարեցրել է Սիրիայի՝ ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
«Գանձապետարանը կատարում է նախագահ Թրամփի՝ Սիրիայի ժողովրդին մեծության հասնելու հնարավորություն տալու խոստումը։ Այսօրվա քայլերը կնպաստեն Սիրիայում լրացուցիչ ներդրումների խթանմանը՝ քաղաքական և տնտեսական կայունությանը նպաստելու համար»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Սիրիան 1979 թվականից ընդգրկված էր ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկում՝ Կուբայի, Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ միասին։ Այդ կարգավիճակը ենթադրում էր ԱՄՆ օգնության, պաշտպանական արտադրանքի և երկակի նշանակության որոշ ապրանքների արտահանման սահմանափակումներ։
Անցած ամիս Դոնալդ Թրամփի և Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հանդիպումից հետո ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսին հայտնել էր Սիրիայի կարգավիճակը վերացնելու մտադրության մասին։