Այդ 1 դրամները պետությունն արժեզրկելու մասին են, պետությունը կոնկրետ մարդկանց գրպաններում տեղավորելու մասին են․ վարչապետ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ և հարցնեք՝ այս կոստյումը որտեղի՞ց, ի՞նչ եք սնվում, ի՞նչ եմ պատասխանելու։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների՝ 1 դրամով աշխատելու հայտարարություններին, նաև պատասխանելով հարցին, թե ինչու չի աշխատում վարչապետ՝ 1 դրամով։
Խոսելով մասնավոր միջոցներով աջակցելու՝ ընդդիմության մտադրությունների մասին՝ վարչապետն ասաց՝ դա հենց կոռուպցիա է։
«Դա պետության զավթման սցենար է, պետությունը վերցնել և դնել մի քանի մարդկանց գրպանը, դա հենց օլիգարխիան է։ Հայաստանում երկար տարիներ եղել է պատգամավորներին, պաշտոնյաներին, ընդհուպ նախարարներին ծրարով գումար տալու ավանդույթ։
Եվ դա արձանագրված է քրեական գործերով, ընդ որում՝ այդ քրեական գործերը ցուցմունքների վրա չեն հիմնված, խուզարկություններով, ես գիտեմ դատարաններում գործեր կան արդեն, որ համակարգիչներ են առգրավվել, որտեղ ցուցակը երևում է, թե ամեն ամիս ում ինչքան գումար են տվել, և այդ նույն անձինք են: Սա այդ կոռուպցիոն համակարգի նկատմամբ նոստալգիան է, բայց ուրիշ խնդիր կա։ Աղքատության հետ կապված խնդիրները, լուծումն ինչի՞ հետ է կապված, կապված է Կառավարության և իշխանության մարմինների պրոֆեսիոնալ աշխատանքի հետ, արդյունավետ աշխատանքի հետ։ Մենք դնում ենք խնդիր, որ պետական պաշտոնյան պետք է գերկենտրոնացած լինի իր աշխատանքի վրա։ Ընդ որում, հազար ներողություն եմ խնդրում, այդ գերկենտրոնացվածությունից իրենց պիտի չկարողանան շեղել, այդ թվում՝ կոռուպցիոն հակում ունեցող տարբեր ուժերը, և հազար ներողություն, ընտանիքի անդամներն էլ պիտի չկարողանան պաշտոնյային շեղել իր գերկենտրոնացած աշխատանքից՝ սկսած նրանից, որ երեխու կոշիկի հարցը, ուսման վարձի հարցը, չգիտեմ, դպրոց գնալու և հետ գալու հարցը, էլ չեմ ասում տուն գալիս հաց կբերես և այլն, հայտնի ժանրերը: Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում պետք է զրոյացնենք կոռուպցիան: Մենք երկար տարիներ աշխատում ենք և արձանագրում ենք, որ այո՛, այդ թվում՝ միջազգային վարկանիշներով, մենք ահագին առաջընթաց ունենք կոռուպցիայի դեմ պայքարում, բայց մենք չենք կարողացել զրոյացնել կոռուպցիան: Որո՞նք են պատճառները, պատճառները, այդ թվում՝ այն միջավայրն է, որը փոփոխություն չի կրել, և այս որոշումներն առաջին հերթին քաղաքացիների համար են:
Տեսեք, մենք առողջության ապահովագրության համակարգ ենք ներդրել: Այսօր հարյուրավոր թոշակառուներ միլիոնավոր դրամների ծառայություններ են ստանում, այդ ծառայություններ չստանալու դեպքում, հազար ներողություն, բայց նրանց մի մասը հաստատ չէր ապրի: Պետական կառավարման համակարգի 24 ժամ աշխատանքի շնորհիվ է այդ արդյունքն արձանագրվում: Ես հիշում եմ, երբ ես սեպտեմբերին էր, թե օգոստոսին էր կամ նույնիսկ հոկտեմբերին էր, ես խնդիր դրեցի, ասացի՝ բացառում եմ, չգաք ասեք էլի հետաձգեք, գնացեք 24 ժամ աշխատեք և համակարգը ներդրեք: Այսօր համակարգը ներդրված է, բայց այդտեղ կա նաև բարոյական խնդիր, չէ՞: Ես մարդուն ասում եմ՝ 24 ժամ աշխատի, այսինքն՝ տուն մի գնա, ընտանիքիդ խնդիրները մի լուծի, քո անձնական խնդիրներով մի զբաղվի, գնա աշխատի, հետո ասեմ՝ սա էլ քո մի դրամը: Այդտեղ անհամատեղելիություն կա, որովհետև այդ ձեր ասած մի դրամները պետությունն արժեզրկելու մասին է և պետությունը կոնկրետ մարդկանց գրպաններում տեղավորելու մասին է: Եվ այն մարդիկ, ովքեր այդ մեծ գրպաններն ունեն, և իրենք այդ գրպաններում, ըստ ամենայնի, դատարկություն են սկսել զգալ, և խնդիր կա հրատապ ձևով այդ դատարկությունը լցնել Հայաստանի Հանրապետությամբ: Ես համոզված եմ, որ մենք՝ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը, իհարկե, ժողովուրդը դա թույլ չի տա»,- ասաց վարչապետը։