Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Փաշինյան


Բանակում սպանությունների, ինքնասպանությունների հետ կապված աշխատանքային խումբ է ձևավորված, երեք նախարար է ներգրավված՝ պաշտպանության նախարարը, ԿԳՄՍ նախարարը և առողջապահության նախարարը: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանի դիտարկմանը, թե ՀՀ ԶՈՒ-ում վերջին ամիսներին ցավալի դեպքեր կան, արդյոք բանակում տեղի ունեցող դեպքերի պատճառը կրթության բա՞ցը չէ:  


Ըստ Փաշինյանի՝ Կառավարության ամենամեծ պրոբլեմը բանակում տեղի ունեցող դեպքերի շարունակականությունն է:


«Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ, և հիմա այդ պրոբլեմն ավելի է սրվել, որովհետև երբ խաղաղություն չէր, ոչ խաղաղության պայմաններում ժամապահության մեջ գտնվող զինվորը ինքն էլ  մտավախություն ուներ, որ եթե քնի, իր ֆիզիկական անվտանգությունը կվտանգվի: Հիմա գիտեն, որ դա չի լինելու, կամ շատ փոքր է հավանականությունը, բայց շրջապատի, միջավայրի, զորամասի վերաբերմունքը, հատկապես այն զորամասերի, որոնք պատերազմի հետ ուղիղ առնչություն են ունեցել, մնացել է տեղում»,- ասաց նա՝ նշելով, որ այս հարցում ռադիկալ քայլեր են պետք, երկարաժամկետ քայլերով խնդիրը չի լուծվի:


«Բանակի ծառայության տրամաբանությունը չի ադապտացվել խաղաղության հաստատման իրավիճակին, և մենք այստեղ պետք է որոշակի վճռական քայլեր անենք այդ խնդիրը լուծելու համար:


Բայց իհարկե, այո՛, կրթությունը, բռնության կուլտուրան, ընդհանրապես քրեական ենթամշակույթի մտածողությունը, այդ ամեն ինչը խնդիրներ են, որոնք մի օրում լուծելու հարցեր չեն, բայց մեզ պետք է հարցը լուծել հիմա, եթե ոչ՝ մի օրում, առնվազն՝ 1 ամսում, 2 ամսում, 6 ամսում»,- ասաց նա՝ նկատելով, որ կրթությամբ հարցը լուծելը երկարաժամկետ սցենար է:


Ինչ վերաբերում է քննարկումներին, թե բանակում գնդերեցների աշխատանքը դադարեցվել է, Փաշինյանն ասաց՝ աշխատանքը չի դադարեցվել, գնդերեցների նշանակման կարգ կա, որով պաշտպանության նախարարն առաջնորդվում է: 

Leave a comment