Մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

24.08.2026 | 11:55

Հայաստանի և Եվրոպական միության միջև ռազմավարական գործընկերությունը զարգանում է տեսանելի տեմպերով, իսկ վիզաների ազատականացման գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա տարիներին։ Այս մասին Ազգային ժողովում Կառավարության 2026-2031 թթ․ ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանն այսօր միակ երկիրն է, որի հետ Եվրոպական միությունը վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում, և մենք մտադիր ենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով ԵՄ-ի հետ մերձեցման նկատմամբ Մոսկվայի արձագանքին՝ վարչապետն ընդգծեց, որ Ռուսաստանում առկա մտահոգությունների բուն պատճառը ոչ թե Եվրամիությունն է, այլ հայ-ռուսական հարաբերությունների բնական տրանսֆորմացիան։ 

«Մի բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը հակամարտության պայմաններում, և բոլորովին այլ բան այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածություն ընդհանրապես չկա, և հեռանկարը դրական է։ Արդեն երկու դար հայ-ռուսական հարաբերությունները կառուցվել են այն ըմբռնմամբ, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Սակայն 2021, 2022, 2023 թվականների իրադարձությունները ցույց տվեցին, որ սեփական խնդիրների բերումով ՌԴ-ն երբեմն կարող է էական սահմանափակումներ ունենալ այդ դերը կատարելու համար»,- նշեց գործադիրի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment