- Առնվազն մեկ ամիս է, ինչ բանակում միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում, ինչին ի պատասխան գործող իշխանությունը դիմում է պատասխանատվությունից փախուստի ամենազազրելի քայլերին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը:
«Իշխանությունն ամեն գնով պահող, պաշտոնի համար ամեն ինչի պատրաստ անձինք պատասխանատվությունից փախուստի դիմելու համար ամենազազրելիին են գնում: Ամեն ինչի և բոլորի վրա դնում են պատասխանատվությունը՝ բակերից, դպրոցներից մինչև սովետական շրջանի բարքեր, իսկ իրենք, կարծես, այսպիսի դեպքերում մեղավորություն և պատասխանատվություն չունեն»,- նշել է նա:
Աբրահամյանի խոսքով՝ այն ֆոնին, երբ բանակն ու հասարակությունը տևական ժամանակ է, ինչ գտնվում են անլուծելի թվացող մղձավանջում, իշխանության ղեկին գտնվողները անհոգ կերպով թմբուկ են զարկում, քեֆեր կազմակերպում և սեղանից սեղան շրջում՝ ցուցադրելով խնդիրների լուծման իրենց «բանաձևը»: