Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Ford Transit»-ը բախվել է գազատար խողովակի հենասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» և «Վաղարշապատ» բժշկական կենտրոններ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի և ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Մուրադյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Եսայի Մալխասյանը և Ժորա Հարությունյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» և «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սևակ Խաչատրյանի, վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։