Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ պնդումներն անհիմն են․ Զախարովա

Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ պնդումներն անհիմն են․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է որոշ երկրներում և արտասահմանյան մամուլում շրջանառվող պնդումներին, թե Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը տարածաշրջանի համար անվտանգության սպառնալիք է և աշխատում է հնացած տեխնոլոգիաներով։ Նա նման հայտարարություններն անվանել է անհիմն՝ նշելով, որ նման գնահատականներ նախկինում ևս հնչել են։

Զախարովայի խոսքով՝ Մեծամորի ԱԷԿ-ի հասցեին հնչող քննադատության փաստարկները չեն փոխվում, մինչդեռ Եվրոպայի մի շարք երկրներում գործում են նմանատիպ տեխնոլոգիաներով ատոմակայաններ, որոնց վերաբերյալ նմանատիպ հայտարարություններ չեն հնչում։

Նա նշել է, որ Մեծամորի ԱԷԿ-ն ունի անվտանգության զգալի պաշար, իսկ դրա ռեակտորային կայանքը հատուկ հարմարեցված է տարածաշրջանի բարձր սեյսմիկությանը։ Զախարովայի խոսքով՝ կայանի հուսալիության վկայություններից մեկը 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ անվտանգության համակարգերի բնականոն գործարկումն է։ Անհրաժեշտ աշխատանքներից հետո ԱԷԿ-ը 1995 թվականին կրկին շահագործման է հանձնվել։

Զախարովան հայտնել է, որ ներկայում հայ և ռուս մասնագետներն իրականացնում են համալիր աշխատանքներ՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկին երկարաձգելու ուղղությամբ։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ հիշատակել է նաև ՄԱԳԱՏԷ-ի գնահատականը։ Նրա խոսքով՝ 2022 թվականի հոկտեմբերին կայան այցելած ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին նշել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցները միջուկային և ֆիզիկական անվտանգության բարձրացման ուղղությամբ։

Զախարովան նաև ընդգծել է Մեծամորի ԱԷԿ-ի նշանակությունը Հայաստանի էներգետիկ համակարգում։ Նրա խոսքով՝ կայանը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի համակարգաստեղծ բաղադրիչ է և արտադրում է հանրապետության էլեկտրաէներգիայի շուրջ 30 տոկոսը։

Նրա գնահատմամբ՝ ատոմակայանի կայուն և մատչելի էլեկտրաէներգիայի արտադրությունը տարիներ շարունակ հնարավորություն է տվել Հայաստանին զարգացնել արդյունաբերությունն ու ապահովել տեխնոլոգիական առաջընթաց։

Զախարովան նշել է, որ ժամանակակից աշխարհում խաղաղ ատոմային էներգետիկան ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության գործոններից է։ Նրա խոսքով՝ սեփական ատոմակայանի փակումը կարող է հանգեցնել Հայաստանի էներգետիկ կախվածության մեծացմանը այլ երկրներից։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հարց է բարձրացրել, թե ի՞նչ նպատակներով են որոշ միջազգային դերակատարներ, որոնք իրենք զարգացնում են ատոմային էներգետիկան կամ չունեն էլեկտրաէներգիայի ապահովման լուրջ խնդիրներ, պարբերաբար հանդես գալիս ռուս-հայկական ատոմային ծրագրի դեմ։

Զախարովայի խոսքով՝ նման հայտարարությունները Մոսկվան դիտարկում է որպես Ռուսաստանի և Հայաստանի միջև ատոմային ոլորտում համագործակցության մեջ պառակտում մտցնելու, Ռուսաստանի մասնակցությամբ նախաձեռնությունների զարգացմանը խոչընդոտելու փորձ։ Նա նաև պնդել է, որ այդ հայտարարությունները նպաստում են տարածաշրջանի համար, իր գնահատմամբ, «ապակառուցողական» արևմտյան ծրագրերի և տեխնոլոգիաների առաջմղմանը, որոնք, ըստ նրա, անվտանգության առումով զիջում են ռուսական տեխնոլոգիաներին։

«Անհնար է չհարցնել. ինչո՞ւ են միջազգային խաղացողները, որոնք իրենք են զարգացնում ատոմային էներգիան կամ լուրջ խնդիրներ չունեն սեփական էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված, պարբերաբար դեմ արտահայտվում ռուս-հայական միջուկային նախագծին։ Մենք նման մեղադրանքները ընկալում ենք որպես այս ոլորտում ռուս-հայական համագործակցության մեջ անհամաձայնություն սերմանելու և Ռուսաստանի մասնակցությամբ նախաձեռնությունների զարգացմանը խոչընդոտելու փորձեր։ Ավելին, դրանք, կարծես, նպաստում են արևմտյան նախագծերի և տեխնոլոգիաների առաջխաղացմանը, որոնք իսկապես կործանարար են տարածաշրջանի համար և զգալիորեն զիջում են ռուսականներին, այդ թվում՝ անվտանգության առումով»,- ասել է նա։

Leave a comment