Ինչպես օգնել գերիներին և «չբարկացնել» Ալիևին

https://arm.sputniknews.ru/20260822/inchpes-ognel-gerinerin-ev-chbarkacnel-alievin-105988289.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Սերգեյ Բաբլումյան

https://cdn.am.sputniknews.ru/img/683/54/6835482_136:0:880:743_100x100_80_0_0_46b4733d623f2eac2076227fbcd65811.jpg.webp

Սերգեյ Բաբլումյան

https://cdn.am.sputniknews.ru/img/683/54/6835482_136:0:880:743_100x100_80_0_0_46b4733d623f2eac2076227fbcd65811.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98663876_112:0:1892:1335_1920x0_80_0_0_f846c4ae521a4b88641e0bb1964781c0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ադրբեջան, գերի, հեղինակներ, վերոնիկա զոնաբենդ, ռուբեն վարդանյան, արցախ, իլհամ ալիև

հայաստան, ադրբեջան, գերի, հեղինակներ, վերոնիկա զոնաբենդ, ռուբեն վարդանյան, արցախ, իլհամ ալիև

Օրերս ՀՀ կառավարության ներկայացուցիչները հանդիպել են Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Զոնաբենդի նախաձեռնությանը (հուլիսի 8-ին նա բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին): Մինչդեռ ադրբեջանցիների կողմից հայերի գերեվարման պատմությունը ո՛չ այսօր է սկսվել, ո՛չ էլ երեկ։ Այդ մասին հիշեցնում է մեր սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։

1975-ի ամառ. Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի (1990 թվականից՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ) Բերդ գյուղից Ադրբեջանական ԽՍՀ-ի հետ պայմանական սահմանի ուղղությամբ մի քանի «Վոլգա»–ներ էին ընթանում։ Ուղևորների մեջ ամենաբարձրաստիճան պաշտոնյան Հայաստանի Կոմկուսի կենտկոմի գյուղբաժնի վարիչ Վլադիմիր Մովսիսյանն էր:

Հանդիպումը, որն այլևս հնարավոր չէր հետաձգել և որն ավելի ճիշտ կլիներ բանակցություններ կոչել, պետք է տեղի ունենար հավասարության սկզբունքով ներկայացված` նույն դասի պաշտոնյաների հետ, բայց ադրբեջանական ազգանուններով։

Ինչի՞ մասին էին պատրաստվում խոսել։ Արոտավայրերի բաժանման, որտեղ անասուններ էին տանում ոչ միայն հայերը, այլև ադրբեջանցիները։ Եվ յուրաքանչյուրը պնդում էր որ հյութեղ արոտավայրերն էն գլխից իրենն են եղել։ Շահերի բախումը սկսել էր տուրուդմփոցի վերածվել, և որոշվել էր վերջ տալ դրան։

Վլադիմիր Մովսիսյանի ադրբեջանական «նմանակը» իր համաքաղաքացիներին փորձեց ինչ–որ բան բացատրել, բայց բախվեց խուլ պատի։ Իսկ Մովսիսյանին ընդհանրապես չէին ուզում լսել։ Ավելին` մարտական տրամադրված ադրբեջանցի կոլտնտեսականները նրան օղակի մեջ վերցրին, տարան անհայտ ուղղությամբ ու թաքցրին։

Սա ԽՍՀՄ–ի տարիներին բարձրաստիճան պաշտոնյայի պատանդառման առաջին և միակ դեպքն էր։

2023-ի սեպտեմբեր. Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելիս գերեվարվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Նրանից բացի, գերեվարվեցին նաև Արցախի այլ ղեկավարներ։ Գերիների աչքերը փակեցին ու տարան «անհայտ ուղղությամբ»։

Մինչ Արցախ գալը Վարդանյանին ճանաչում էին որպես շռայլ բարերարի, որը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում անչափելի գումարներ էր ներդրել։

Ի՞նչ մեղադրանք ներկայացրեց Ադրբեջանը Վարդանյանին։ Ահաբեկչության ֆինանսավորում, ապօրինի զինված կազմավորումների ստեղծում, սահմանի չարտոնված հատում: Արցախի մյուս ղեկավարներին ներկայացվեցին մոտավորապես նույն մեղադրանքները։

Նրան պատանդ անվանելն այն իմաստով, որում ժամանակին հայտնվել էր Մովսիսյանը, այնքան էլ ճիշտ չէ։ Մովսիսյանին խոստացել էին ազատ արձակել, երբ մարգագետիններն ու դաշտերը հանձնվեն ադրբեջանական կոլտնտեսությանը, իսկ Վարդանյանի նկատմամբ ցուցադրական դատաստան սարքեցին (դատապարտվեց 20 տարվա ազատազրկման)՝ նպատակ ունենալով վախի մեջ պահել Հայաստանի բոլոր հայերին։ Որ տեսնեն ու իմանան՝ այդպես կլինի բոլոր նրանց հետ, ովքեր կհամարձակվեն կանգնել Իլհամ Հեյդարի Ալիևի ճանապարհին։

Մովսիսյանին այն ժամանակ պաշտպանեց և գերությունից շատ հեշտությամբ ազատեց խորհրդային իշխանությունը։ Իսկ Հայաստանի ինքնիշխան անկախ Հանրապետությունը, բերանը ջուր առնելով, գերիների հարցը թողեց Բաքվի հայեցողությանը՝ իր խոնարհությունը բացատրելով Բաքվին է՛լ ավելի չբարկացնելու ցանկությամբ։ Որպեսզի իբր չգրգռեն Ալիևին և չստիպեն նրան ավելի վատացնել գերիների վիճակը։ Փաստորեն Ադրբեջանում իշխում է ոչ թե արդարադատությունը, այլ Իլհամ Ալիևի ձախ ոտքը։

Եվ Ռուբեն Վարդանյանը մինչ օրս մի իրավիճակում է, երբ Հայաստանի իշխանությունների միջամտությունը նրա ճակատագրին նույնքան հավանական է, որքան այլմոլորակայինների ժամանումը Երևան: Իսկ միջազգային մարդասիրական կազմակերպությունների կամ «լուսավոր» Եվրոպայի վրա հույս դնելը, ինչպես պարզվեց, անիմաստ է։ Ոչ վաղ անցյալում Ալիևը հրապարակավ ստորացրեց Եվրոպայի առաջնորդներին՝ նրանց անվանելով «վախկոտ դատարկախոսներ»։ Պատասխան չեղավ։ Ուրեմն համաձայնեցի՞ն։

Ու այդ ժամանակ, ինչպես սպասվում էր, կինը ստանձնեց ամուսնու պաշտպանությունը: Զոնաբենդին Հայաստանում ճանաչում են ոչ միայն որպես Վարդանյանի կյանքի ուղեկից, այլև որպես կին, որն օգնել է ամուսնուն բարի գործեր կատարել հայոց հողի վրա, նախևառաջ`համաշխարհային ճանաչում ստացած միջազգային դպրոց գործարկել Դիլիջանում։

Նա անընդհատ փորձում է բախել երևանյան բարձր դռները, նույնը արել են Վարդանյանների՝ աշխարհով մեկ հարգանքի արժանացած ընկերներն ու համախոհները, բայց պատասխանը լռությունն է։ Կամ էլ բազմանշանակ ակնարկներ, թե իշխանությունների բաց միջամտությունը միայն կվնասի գերեվարված հայերին։

Ֆրանսիական բանակի կապիտան Ալֆրեդ Դրեյֆուսի գործի տարեգրությունից (1894 –ին Ֆրանսիայի իշխանությունը նրան մեղադրում էր լրտեսության մեջ):

Առաջինը ի պաշտպանություն նրա հանդես եկան ընտանիքն ու մտերիմները, իսկ հետո՝ երկրի առանցքային մտավորականները, քաղաքական գործիչները, զինվորականները, ապա միացան աշխարհահռչակ անձինք։

Մի հատված Էմիլ Զոլայի նամակից, որը հրապարակվել էր աշխարհի բազմաթիվ թերթերում. «Նրանք սխալ դատավճիռ կայացրին, որը հավերժական խարան դարձավ զինվորական դատարանների համար, և նրանց ցանկացած որոշում այսուհետ կասկածի տակ կլինի։ Նրանք չարագործություններ են անում, երբ բթացնում են հասարակ մարդկանց և աղքատների գիտակցությունը` անձնատուր լինելով խավարամտությանը և անհանդուրժողականությանը, օգտվելով զզվելի հակասեմականության խրախճանքից, որը կկործանի մեծ և լուսավոր Ֆրանսիան՝ մարդու իրավունքների հայրենիքը, եթե երկիրը վերջ չդնի դրան»։

Ի պաշտպանություն Վարդանյանի ձայն են բարձրացրել նաև աշխարհում քիչ թե շատ ճանաչելի որոշ հայ գործիչներ, բայց ցավն այն է, որ համաշխարհային ճանաչում ունեցող անձինք Հայաստանում գրեթե չեն մնացել, իսկ նրանք, ովքեր կարող էին իրենց խոսքն ասել, լռում են կա՛մ վախից, կա՛մ թաքնվելով ամորֆ «մենք քաղաքականությամբ չենք հետաքրքրվում» նախադասության տակ։

Զոնաբենդն աշխարհում առաջին կինը չէ, որն ամուսնուն պաշտպանում է անարդարությունից։ Հիշենք ռուս դեկաբրիստների կանանց, որոնք կամավոր մեկնեցին Սիբիր՝ 1825 թվականի ապստամբության համար դատապարտված իրենց ամուսինների հետևից։ Արիստոկրատները հրաժարվեցին հարստությունից, ազնվական իրավունքներից, թողեցին երեխաներին՝ ծանր աշխատանքի մեջ ամուսինների ճակատագիրը կիսելու համար: Նման օրինակներ կան նաև հայ իրականությունում։

Զոնաբենդի դեպքում խոսքը միայն ամուսնուն նվիրված լինելու մասին չէ։ Նա իր ձայնն է բարձրացրել, որպեսզի պաշտպանի բանտերում պահվող բոլոր հայերին, որոնք դատապարտվել են առաջին հերթին հայ լինելու համար։

Իսկ այդ ընթացքում Հայաստանը դիմել է երրորդ՝ չեզոք երկրի հյուպատոսական այց կազմակերպելու և Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով։ Թե կոնկրետ որ երկրի, ԱԳՆ–ն չի հայտնում։ Ասես թե դատապարտյալների ճակատագիրն ավելի շատ պետք է մտահոգի օտարերկրացիներին, քան Հայաստանին։

Ինչևէ, մնում է հուսալ, որ անկոտրում ամուսնու խիզախ կնոջ ակցիան գոնե ինչ-որ կերպ կթեթևացնի գերիների ճակատագիրը:

Leave a comment