Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը, օրենքի խախտմամբ, վարելահողն ու խոտհարքը վարձակալության իրավունքով տրամադրել է ֆիզիկական անձանց

Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ա.-ն, 2006-2016 թվականներին հանդիսանալով Աշոցք գյուղի գյուղապետը, իսկ 2016-2018 թվականներին՝ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը, օրենքի խախտմամբ, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք գյուղում գտնվող՝ 5,43 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը և 2,08 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով տրամադրել է ֆիզիկական անձանց:

Մասնավորապես՝ 2009 թվականին Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, Աշոցք գյուղում գտնվող վերոնշյալ հողամասերը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է «աճուրդում» հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ կադաստրային գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողատարածքների տրամադրման ժամանակ անցկացված աճուրդն իրականացվել է Օրենքով սահմանված պահանջների խախտմամբ:

Վերոգրյալի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազությունը Աշոցք համայնքի գործող ղեկավարին միջնորդագիր է հասցեագրել՝ ֆիզիկական անձանց կողմից հողատարածքների ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի արդյունքում՝ Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի օգոստոսի 20-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ վերոնշյալ հողատարածքների նկատմամբ դադարեցվել է ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքը. 7,51 հա մակերեսով՝ 4 միլիոն 768 հազար դրամ կադաստրային արժեքով հողատարածքները վերադարձվել են Աշոցք համայնքի տիրապետմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment