«Հրապարակ»․ Չորս երեխա էլ անհայր մնաց

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին զինվորներին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Հիշեցնենք, որ վրաերթի հետեւանքով մահացել է զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, իսկ մյուս 5 վիրավոր զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, երկուսի վիճակը դեպքից հետո ծանր է գնահատվել, ունեն կոտրվածքներ։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ վեց զինվորներին, որպես պատիժ, հակագազ են հագցրել եւ ստիպել են վազել ճանապարհին, եւ հակագազերն են եղել պատճառը, որ չեն նկատել մոտեցող բեռնատարը: Վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Վարորդը ձերբակալվել է, նրան, ամենայն հավանականությամբ, կկալանավորեն: Գրվել է նաեւ, որ նա վարորդական վկայական չի ունեցել:

Մենք տեղեկացանք, որ վարորդը երեք անչափահաս երեխայի հայր է, նրա կինն այժմ հղի է սպասում են չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Անհայր մնացած երեխաները, հավանաբար, քիչ էին մեր երկրում, եւս չորսն ավելացան նրանց: Պարզ է, որ աղմուկ հանած ողբերգական դեպքի մեղավորին խիստ պատիժ կտան երկար ժամանակով մեկուսացնելով հասարակությունից:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a comment