Դուք չեք թողել, որ մեր ժողովրդի ցավը մնա անլուր, չեք համաձայնել, որ պատմական անարդարությունը ներկայացվի որպես անվերադարձ իրողություն. Բաղունցը շնորհավորել է Գարեգին Երկրորդին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը Գարեգին Երկրորդի ծննդյան 75-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել.

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ
ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Ձերդ Սրբություն, Վեհափառ Տեր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և արցախահայության անունից՝ սրտի խորունկ ջերմությամբ շնորհավորում եմ Ձեր ծննդյան 75-ամյակի առթիվ։

Ձեր հայրապետական գահակալությունը հայ ժողովրդի համար եղել է հոգևոր հենարան ամենածանր տարիներին։ Երբ ազգային կյանքի հունը խախտվել է, երբ մեր ժողովուրդը կանգնել է կորուստների ու տարակուսանքի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մնացել է այն անշարժ կենտրոնը, որի շուրջ հայությունը վերագտել է իր հավատը և իր միասնությունը։ Դա Ձեր հովվապետական վաստակի ամենաակնհայտ վկայությունն է։

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում։ Բռնի տեղահանությունից հետո Դուք հայ և միջազգային եկեղեցական ու պետական ամենաբարձր ամբիոններից անդադար բարձրաձայնել եք արցախահայության` իր հարազատ բնօրրան անվերապահ վերադարձի իրավունքի, Բաքվում գերության մեջ պահվող մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակման, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության՝ Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի և մեր բազում սրբավայրերի պահպանության մասին։ Դուք չեք թողել, որ մեր ժողովրդի ցավը մնա անլուր և չեք համաձայնել, որ պատմական անարդարությունը ներկայացվի որպես անվերադարձ իրողություն։

Տեղահանված արցախահայությունը զգում է Ձեր աղոթքն ու հայրական հոգածությունը, և այդ զգացումը մեր հույսի ամրության աղբյուրներից է։

Ձերդ Սրբություն,

Ամենակարող Աստծուց հայցում ենք Ձեզ ամուր առողջություն, երկար կենսուրախ տարիներ և վերին զորություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի ի փառս Ձեր բեղմնավոր ծառայությունը շարունակելու համար։

Թող Տիրոջ շնորհը պահապան լինի Ձեզ և Մայր Հայրենիքին։

Խորին հարգանքով և որդիական ակնածանքով՝

Գագիկ Բաղունց

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment