Մենք պատրաստ ենք ավելի երկար մնալ, մինչև մեզ համար ընդունելի լուծումների չգանք․ Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք ավելի երկար մնալ, մինչև մեզ համար ընդունելի լուծումների չգանք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Ազգային ժողովում արդեն 16 նիստ է քննարկվում ԱԺ ձևավորման հարցը՝ ընդգծելով, որ նման երկարատև գործընթաց Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ չի եղել։

«Արդեն 16 նիստ է՝ Ազգային ժողովը քննարկում է Ազգային ժողովի ձևավորման հարցերը։ Պատմության մեջ երբեք այսպիսի երկար նստաշրջան ԱԺ-ի ձևավորման չի եղել։ Պատճառը մեկն է՝ կռիվը, հակադրությունները, հայացքների, որ ունենք մենք»,– ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանը» շարունակելու է աշխատել և պայքարել նախընտրական ծրագրերում տրված խոստումներն իրականացնելու համար։

«Ուժեղ Հայաստանը աշխատելու է, պայքարելու է իր խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար, որպեսզի մեր հասարակությունը տեսնի, թե ինչ պատասխանատվությամբ ենք մենք վերաբերվում ձեր վստահությանը, այն վստահությանը, որ դուք տվել եք մեզ, և մենք իրագործելու ենք այն ծրագրերը, որ ձեզ խոսք ենք տվել»,– նշել է նա։

Կարապետյանը նաև հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում խմբակցությունը պատրաստ է շարունակել քննարկումները ևս 16 օր՝ մինչև ընդունելի լուծումների հասնելը։

«Մենք պատրաստ ենք ավելի երկար մնալ, ևս 16 օր անընդմեջ, մինչև մեզ համար ընդունելի լուծումների չգանք։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ ուժեղ Հայաստան լինելու է։ Ուժեղ Հայաստան լինելու է»,– ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Leave a comment