Փրկարար ծառայությունը համալրվել է 18 նոր հրշեջ-փրկարարական մեքենայով. «Ժամանակի ընթացքում հրաժարվելու ենք ամբողջ հնամաշ տեխնիկայից»»

Փրկարար ծառայության զարգացման կարևոր ուղղություններից է նյութատեխնիկական բազայի շարունակական համալրումը, որը ներառում է տրանսպորտային միջոցների, փրկարարական գործիքների և շենքային ենթակառուցվածքների արդիականացումը։ Օգոստոսի 21-ին ՆԳ նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում տվյալները ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը։

Ծառայության կարիքների համար արդեն ձեռք է բերվել հրշեջ-փրկարարական 18 նոր մեքենա, իսկ ևս վեց տրանսպորտային միջոցի ձեռքբերման վերաբերյալ կնքվել է պայմանագիր։

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում առաջիկայում Փրկարար ծառայությունը կհամալրվի հրշեջ-փրկարարական ևս 10 նոր մեքենայով։

«Մեզ համար շատ կարևոր ուղղություն է Փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովվածությունը։ Սա վերաբերում է թե՛ տրանսպորտային տեխնիկային, թե՛ փրկարարական գործիքներին, ինչպես նաև շենքային ենթակառուցվածքներին»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ իրականացվող փոփոխությունների նպատակը Փրկարար ծառայությունը ժամանակակից և արդիական տեխնիկայով ապահովելն ու հնամաշ մեքենաներն աստիճանաբար շահագործումից հանելն է։

«Ժամանակի ընթացքում հրաժարվելու ենք ամբողջ հնամաշ տեխնիկայից։ Սա շատ կարևոր է, քանի որ քաղաքաշինության, ճանապարհների և առհասարակ ենթակառուցվածքների զարգացումները պահանջում են, որպեսզի մեր տեխնիկան նույնպես համապատասխանեցնենք ժամանակակից չափանիշներին»,- ընդգծել է Արմեն Մկրտչյանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment