«Ռեգիոն». WatchDog.MD կազմակերպության ղեկավար ՎԱԼԵՐԻՈՒ ՓԱՇԱՆ մեզ հետ հարցազրույցում պատմում է, թե ինչպես են Մոլդովայում ձևավորվում տեղեկատվական պղպջակները, այդ թվում՝ քաղտեխոնոլոգիական գործողություններով:
– Ո՞ր սոցցանցերից են ամենաշատն օգտվում Մոլդովայի բնակիչները: Ի՞նչ գործոններ են նպաստում հենց այդ հարթակների ժողովրդականությանը:
Վ. Փ. – Սա շատ հետաքրքիր հարց է, որովհետև այստեղ երկու տարբեր ասպեկտ կա: Առաջինն այն է, թե քանի բնակիչ է գրանցված սոցցանցերից յուրաքանչյուրում: Եվ երկրորդ ասպեկտը՝ «ուշադրության տնտեսությունն է» (Attention Economy), մարդկանց ուշադրության համար մղվող մրցակցային միջավայրը, թե որքան ժամանակ են մարդիկ անցկացնում այդ սոցցանցերից յուրաքանչյուրում:
Եթե խոսենք օգտատերերի քանակի մասին, ապա Facebook-ն այս պահին մնում է առաջատարը (չափահաս բնակչության մոտ 65%-ն օգտվում է Facebook-ից): Այնուհետև գալիս են Instagram-ը և YouTube-ը (այս սոցցանցերից յուրաքանչյուրին բաժին է ընկնում բնակչության մոտ 40%-ը), ինչպես նաև TikTok-ը (ավելի քան 35%-ը): Տարբեր հարցումների ժամանակ հարցվածների շուրջ 25%-ը նշում է, որ օգտվում է Telegram-ից:
Բայց եթե խոսենք սպառման ծավալի մասին, ապա առաջին տեղը TikTok-ինն է: Նույնիսկ եթե այս սոցցանցի օգտատերերն ավելի քիչ են, բայց հարթակի ալգորիթմն ինքնին մշակված է այնպես, որ մարդիկ «խրվում, մնում են» այս հարթակում: Վերջին տարիներին նույն Facebook-ը (որոշ չափով նաև Instagram-ը, YouTube-ը), ըստ էության, պատճենում են նույն TikTok-ի ֆունկցիոնալը՝ կարճ տեսանյութեր, դրանք անվերջ թերթելու հնարավորություն, մարդկանց որոշակի «թեմատիկ օղակների» մեջ ներքաշում: Որովհետև, ըստ էության, տնտեսության մոդելը հիմնված է մարդկանց ուշադրությունը պահելու, այսինքն՝ թրաֆիկն ավելացնելու վրա:
Այնպես որ, վերջին երկու տարում հանրային կարծիքի վրա ազդեցության առումով TikTok-ն առաջին տեղ է անցել: Իսկ որպես տեղեկատվության աղբյուր (որտեղից մարդիկ նորություններ են ստանում) նախկինի պես առաջին տեղերում Facebook-ն ու YouTube-ն են:
Եվ սա շատ կարևոր է: Կա մի յուրահատուկ տարր, որը բնորոշ է Մոլդովային, արևմտաեվրոպական երկրներին, Հայաստանին: Դա այն մարդիկ են, որոնք կարծում են, թե TikTok-ում նորություններ կան: Հանրային կարծիքի ուսումնասիրության ժամանակ կարելի է հարցնել. «Ո՞ր սոցցանցերից եք լուրեր ստանում»: Եվ ամենուր կա բնակչության մի հատված, որը պնդում է, թե լուրը կարդացել (դիտել) է TikTok-ում: Սա անդրսահմանային ֆենոմեն է: Մարդիկ, որոնք կարծում են, թե այդ «աղբանոցում» նորություններ կան, ամենաշատն են ենթարկվում ապատեղեկատվության ազդեցությանը, ամենախոցելին են: Սա սարսափելի բան է: TikTok-ը հանրային կարծիքի վրա ապակառուցողական ազդեցության առումով զանգվածային ոչնչացման զենք է:
TikTok-ի ալգորիթմն ուղղված է տագնապայնություն սնող ամեն ինչի առաջմղմանը. սոցցանցի հիմքում ընկած է կեղծ լուրերի, տարբեր դավադրապաշտական տեսությունների և այլ աղբի առաջմղումը, որոնք ազդում են մարդկանց հոգեվիճակի վրա:
Սա չի նշանակում, թե մյուս սոցցանցերն անթերի են, բայց TikTok-ի բուն էությունը հենց հանրային կարծիքի և վարքագծի աղավաղումն է:
– Ո՞վ է ներկայումս հաղթում հանրային ուշադրության համար մրցույթում, ավանդական մեդիա՞ն (հեռուստատեսություն, մամուլ), թե՞ սոցմեդիան: Հաղորդակցային ո՞ր միջոցներն են նախընտրում ձեր երկրի կառավարությունը, ընդդիմադիր խմբերը և քաղհասարակության ներկայացուցիչները հատկապես վճռորոշ ժամանակահատվածներում (ընտրություններ, քաղաքական եւ այլ ճգնաժամեր) տեղեկատվություն տարածելիս:
Վ. Փ.- Եթե խոսենք պաշտոնական մարմինների մասին, ապա ստանդարտը հետևյալն է՝ գրառումներ անել բոլոր հնարավոր սոցցանցերում, մամուլի հաղորդագրություն տարածել կամ մամուլի ասուլիս հրավիրել՝ տեղեկատվությունը ներկայացնելու համար: Եթե խոսենք քաղհասարակության մասին (օրինակ՝ մեր կազմակերպության), ապա տարածման միայն մեկ խողովակը երբեք բավարար չի լինի:
Հասկանալի է, որ սոցցանցերի ազդեցությունը շատ ավելի մեծ է: Բայց, մյուս կողմից, մեր ավանդական ընկալումներով՝ լրատվամիջոցները նույնպես ազդում են սոցցանցային միտումների վրա: Հետևաբար, սա որոշակի բալանս է:
Եթե խոսենք Մոլդովայի ընդդիմության մասին, ապա, իհարկե, նրանց համար սոցցանցերն ու տեղեկատվական առցանց հարթակներն ամենակարևորն են: Ընդդիմության համար դրանցում մենախոսելը շատ հարմար է: Օրինակ, եթե հեռուստատեսային հաղորդում է, ապա քեզ կարող են նստեցնել ընդդիմախոսի դեմ դիմաց, և այդ ժամանակ դու պետք է հակափաստարկներ բերես, երկխոսես, բանավիճես, այլ ոչ թե պարզապես քարոզես:
Մոլդովայում արդեն տարիներ շարունակ ընդդիմադիր քաղգործիչները խուսափում են դրանից: Եթե նրանք գալիս են ավանդական մեդիա հարթակներ, ապա սովորաբար պայմանով, որ եթերում միայն իրենք են լինելու:
Եվ դա շատ վատ է, որովհետև սպանում է բանավեճի ժողովրդավարական գործընթացը, որտեղ լսարանը հնարավորություն ունի տեսնելու տարբեր կողմերի փաստարկները: Բանավեճեր սովորաբար անցկացվում են միայն ընտրական փուլերում, և դրանք վերածվում են կրկեսի: Այդ բանավեճերին հետևում են հիմնականում քաղաքականապես շատ ակտիվ քաղաքացիները, որոնք արդեն վաղուց իրենց համար որոշել են, թե «ով է լավը, ով՝ վատը»: Իսկ լայն հանրության համար, որն այդքան էլ հետաքրքրված չէ քաղաքականությամբ, նման դեբատները հնարավորություն չեն տալիս հանգելու գիտակցված որոշման: Ես տեսել եմ բանավեճերը Հայաստանում, սոցցանցերում տեսել եմ հայաստանցի օգտատերերի արձագանքները, մեկնաբանությունները. այնտեղ էլ նույնն է, դիտելն անհնարին է:
Բանավեճեր կազմակերպող հարթակների բացակայությունը (հատկապես ոչ ընտրական փուլերում) շատ վատ է: Եվ քաղգործիչները մանիպուլացնում են այս հանգամանքը: Օրինակ՝ մեր մայրաքաղաքի քաղաքապետն արդեն բազմաթիվ տարիներ քաղաքապետարանի օպերատիվ նիստերն անցկացնում է միայն առցանց ձևաչափով: Ինչո՞ւ: Որովհետև այդ նիստերին չեն մասնակցում լրագրողները. արվում են մի շարք հայտարարություններ, հնչեցվում են մամուլի հաղորդագրություններ, քաղաքական գործիչները խոսում են իրենք իրենց մասին: Եթե այդ նիստերն ընթանան օֆլայն, քաղաքապետարանում, ապա կգան լրագրողները և կսկսեն հարցեր տալ, իսկ քաղաքապետը հարցերին երբեք չի պատասխանում:
Այսպիսով, քաղգործիչները տեղեկատվական միջավայրը մոդելավորում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու: Այսինքն՝ չկա այն, ինչն անվանում ենք հաշվետվողականություն, չկա հանրային շահի հաշվառում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: