Տիգրանաշենի շուրջ կրքերը բորբոքվեցին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ հայտարարեց, որ «Տիգրանաշենը ադրբեջանական տարածք է»։
Հայտարարությանը հաջորդեցին հասարակական և քաղաքական լայն քննարկումներ․ սոցիալական ցանցերում օգտատերերը, իսկ տարբեր լրատվական հարթակներում՝ քաղաքական գործիչները, քննադատեցին վարչապետին՝ նրա խոսքը իտարկելով որպես հերթական հնարավոր տարածքային զիջման մասին հայտարարություն։
Մինչ Երևանում հայտարարությունը շարունակում է քննարկվել, Տիգրանաշենում կյանքը, վարչական ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանի խոսքով, ընթանում է սովորական հունով։
«Տիգրանաշենի թեման այնքան է շահարկվել, որ բնակիչների համար երեկվա հայտարարությունը նորություն չէր։ Իրենք լավ գիտեն, որ սա վիճելի տարածք է։ Իհարկե, մտահոգված են հետոյի համար, խոսում են, հարցնում են, քննարկում են, բայց ամեն մարդ այս պահին զբաղված է իր աշխատանքով։ Մի մասը գյուղատնտեսությամբ է զբաղվում, մի մասը՝ հողագործությամբ»,- ասաց Ստեփանյանը։
Վարչական ղեկավարը, սակայն, դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչ է սպասվում Տիգրանաշենի բնակիչներին, եթե ադրբեջանական անկլավ համարվող գյուղն ի վերջո անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, և որտեղ են նրանք ապրելու այդ դեպքում։ «Նման հարց դեռ չի քննարկվել, չեմ կարող ասել»,- ասաց Լյուդվիգ Ստեփանյանը։
Տիգրանաշենը, որը նախկինում հայտնի է եղել Քյարքի անունով, գտնվում է Արարատի մարզում՝ Հայաստանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության (Ադրբեջան) սահմանային հատվածում։ Գյուղը երկար տարիներ գտնվում է երկու երկրների միջև տարածքային վեճի համատեքստում։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ Քյարքին, ինչպես նաև խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական մյուս անկլավները, Ադրբեջանի տարածք են։ Նրա հայտարարությունը նոր քննարկումների պատճառ դարձավ՝ հատկապես այն հարցի շուրջ, թե նման ձևակերպումները ինչ հետևանքներ կարող են ունենալ Տիգրանաշենի և այնտեղ բնակվող մարդկանց ապագայի համար։ Նշենք, որ 2022 թվականի տվյալներով՝ Տիգրանաշենում մշտապես բնակվում էր 140 մարդ։ Ներկայում գյուղում բնակվում է շուրջ 120 մարդ։
Հունան Թադևոսյան